Ամփոփվել են Երևանի կարևորագույն նշանակության 27 օբյեկտների մատչելիության գնահատման արդյունքները

Ամփոփվել են Երևանի կարևորագույն նշանակության 27 օբյեկտների մատչելիության գնահատման արդյունքները
Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում մետրոյի 10 և երկաթուղային 3 կայարանների, ինչպես նաև պատմական նշանակության 14 շենքերի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, որը նույնպես գնահատված շենքերի թվում էր:
Կառավարության 2022 թվականի N 250-Լ որոշմամբ նախանշվել էր մատչելիություն ապահովելու նպատակով նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների ցանկը։ Մատչելիության միջազգային չափանիշերին թվարկված շենքերի համապատասխանությունն ապահովելու համար Քաղաքաշինության կոմիտեին անհրաժեշտ էին միջազգային փորձագետների խորհրդատվությունն ու առաջարկությունները։
 
«Շենքերի մատչելիությունը գնահատելու համար մասնագետներ ներգավելու նպատակով դիմեցինք ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությանը և այսօր ունենք միջազգային փորձագետների եզրակացությունները բոլոր շենքերի վերաբերյալ, ինչը մեզ թույլ կտա արդյունավետորեն շարունակել աշխատանքը»,-իր ելույթում նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը։
Միջոցառմանը ներկա էին և ելույթով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Անի Մանուկյանը, «Դիմոքրասի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Վասերսթրոմը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյան։
Միջազգային երկու փորձագետները, որոնք գնահատել են վերոնշյալ շենքերի մատչելիության ներկա մակարդակը և նախանշել հնարավոր փոփոխությունները, տեսակապի միջոցով ներկայացրել են արդյունքներն ու առաջարկությունները։
27 օբյեկտների մատչելիության գնահատման արդյունքները ներառող ամփոփ զեկույցը տրամադրվել է շահագրգիռ բոլոր կողմերին: