Սևան համայնքում ներդրվում է թափոնների տեսակավորման նոր մշակույթ
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Գեղամավան, Վարսեր եւ Գագարին բնակավայրերի միջնակարգ դպրոցներում և վարչական շենքերում օրերս արդեն տեղադրվել են թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ` խթանելով թափոնների տեսակավորման նոր մշակույթի ձևավորմանը: Այս մասին տեղեկացնում են Սևանի քաղաքապետարանից։
Աշխատանքներն իրականացվել են «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում` «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը կյանքի է կոչվել «Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի և Հայաստանում Նիդերլանդների թագավորության միջև կնքված «Ընդլայնվելով դեպի Գագարինի հովիտ» նոր ծրագրի համագործակցության համաձայնագրով:
Ծրագրի շրջանակներում Գագարին նախագծի 5 բնակավայրերի՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, համայնքային բոլոր կառույցներում, իսկ Ծաղկունք բնակավայրի բոլոր տնային տնտեսություններում տեղադրվել են աղբի տեսակավորման արկղեր։ Այս ծրագրով գործնական ընթացք է ստանում Նախագծի բնակավայրերում աղբի հավաքման և վերամշակման մշակույթի ներդրման նախաձեռնությունը, որը նպատակն է զրոյացնել տարածքում կենցաղային աղբի գեներացումն ու աղբավայրերի գոյացումը։
Հիշեցնենք, որ Ծաղկունք համայնքի 180-ից ավել տնտեսությունում, Սևանի համայնքապետարանում, Ծաղկունք բնակավայրի վարչական նստավայրում և այլ կառույցներում նախորդ ամիսներին տեղադրվել են թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ՝ նպաստելով համայնքում թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորմանը և տարածմանը:
Ծրագիրն ուղղված է յուրաքանչյուր բնակչին, քանի որ մաքուր, անվտանգ, բարեկարգ, ներկայանալի միջավայր ունենալն սկսվում է բակ ու փողոցից, և երկրի նկատմամբ սերն էլ արտահայտվում է կոնկրետ գործողություններով:
Ծրագրի շրջանակներում և դրանից հետո էլ ակնկալվում է բնակավայրերում թափոնների տեսակավորման գործում քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության ավելացում, որի մեկնարկը տրվել է տեսակավորման աղբարկղերի տեղադրման և իրականացվող միջոցառումների շնորհիվ: