Լուսակունք գյուղում կառուցվել է ոռոգման ցանց, հիմնանորոգվել է հեղեղատարի հատակը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատար ցանց, հիմնանորոգվել է հեղեղատարի հունը։
Լուսակունքի ոռոգման ջրատար ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 154 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 608 մետր երկարության ջրատարի կառուցում երկաթբետոնե կիսախողովակներով և հեղեղատարի քայքայված հատակի հիմնանորոգում՝ բետոնացման միջոցով, 380 մետր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել նոյեմբերի վերջերին։
Աշխատանքներն իրականացրել է «Կոթաշին» ՍՊԸ-ն։ Ծրագրի շահառու են հանդիսանում 150 տնտեսություն։
Լուսակունք գյուղի ոռոգման ջրատար ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի կառուցում 469 մետր երկարությամբ, երկաթյա խողովակներով և կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել հոկտեմբերին։ Ոռոգման ջրատարի 430 մետրը կառուցվել է երկաթյա բաց կիսախողովակներով, 39 մետրը՝ փակ խողովակներով։
Աշխատանքներն իրականացրել է «Ավետիսյան Շինմոնտաժ» ՍՊԸ-ն:
Ծրագրի շահառու են հանդիսանում Լուսակունքի տնտեսությունների մեծ մասը։
Սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման արդյունքում եկող ոռոգման շրջանից արդեն ջուրը տնտեսություններին կմատակարարվի ժամանակին և անկորուստ։
Աղբյուրը՝ armenpress.am