ՄԱՀՀԻ-ն և Թեհրանի համալսարանի Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

ՄԱՀՀԻ-ն և Թեհրանի համալսարանի Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը և Թեհրանի համալսարանի Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտի (Իրան) տնօրեն Ջաֆար Հաշեմը ՄԱՀՀԻ գրասենյակում Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով ինստիտուցիոնալ համագործակցություն է հաստատվում հայկական ու իրանական երկու հետազոտական հաաստատությունների միջև:

Այս մասին հայտնում է ՄԱՀՀԻ լրատվական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է հետազոտական բնույթի տեղեկույթների, գրքերի գիտահետազոտական հրապարակումների, փաստաթղթերի փոխանակում կրթության, հետազոտության և տեխնոլոգիական բնագավառներում, համապատասխան պարբերականներում տպագրված հոդվածների կանոնավոր փոխանակում, համահեղինակված գրքերի և պարբերականների հրապարակում, պրոֆեսորական անձնակազմի, ուսանողների, հետազոտողների և ծրագրային թիմերի փոխադարձ այցելություններ, համատեղ գիտաժողովների, աշխատաժողովների և միջազգային հանդիպումների կազմակերպում, հետազոտական այցեր և փորձի փոխանակում գիտական և հետազոտական ոլորտներում:

Երկու ինստիտուտների ղեկավարները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել 2024թ. ընթցքում առաջին համատեղ գիտաժողովի կազմակերպման վերաբերյալ: Ստորագրող կողմերը վճռական և լիահույս են հայ-իրանական գիտահետազոտական արդյունավետ համագործակցության խորացման գործում: