Կբարձրացվի պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվող ներդրումային ծրագրերի մրցութային գործընթացների արդյունավետությունը

Կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել պետություն-մասնավոր գործընկերությամբ (ՊՄԳ) ներդրումային ծրագրերի պատրաստման և իրականացման ընթացակարգում՝ վերջինս արդիականացնելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Առաջարկվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է ՊՄԳ ընթացակարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ՊՄԳ ծրագրերի վերհանման և պատրաստման, դրանց հաստատման, մասնավոր գործընկերոջ ընտրության և ծրագրերի կառավարման փուլերում առաջացող որոշակի ռիսկերի վերացմամբ։
Ըստ այդմ՝ քանի որ հնարավոր է լինեն ՊՄԳ ծրագրեր, որոնք հաստատված կլինեն ՀՀ վարչապետի կողմից ձևավորված՝ ոլորտային խորհրդակցական մարմնի կողմից, և որոնց մշակումը չի իրականացվի պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին, հարկ է համարվել նախատեսել կարգավորում, համաձայն որի վերոհիշյալ դեպքերում, ծրագրերի պատրաստման մասին ՀՀ կառավարության որոշում չի պահանջվի։
ՊՄԳ ձևաչափով իրականացվող ծրագրերի շրջանակում կազմակերպվող մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին ենթադրվում է, որ կարող են մասնակցել միջազգային ընկերություններ: Հետևաբար, մի շարք ընդունելի դեպքերում առաջարկվել է վերացնել փաստաթղթերի՝ հայերեն նոտարական վավերացման ներկայացնելու պահանջը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում են կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցների կողմից մրցութային փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ անվտանգության պատշաճ մակարդակի ապահովմամբ, որի մեխանիզմները պետք է հստակ նկարագրվեն մրցույթի հայտարարությամբ։