Կստեղծվեն բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար

Կստեղծվեն բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտի ու պայմանների ստեղծմամբ, ենթակառուցվածքների կառուցման ժամկետները և պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարևորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը և կառավարման համակարգի զարգացմանը և կատարելագործմանը, նպատակ ունի ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման։

Մասնավորապես՝ նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը տրամադրում է օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովման համար փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման ճանապարհով, ինչը թույլ կտա պետական միջոցներն օգտագործել ավելի արդյունավետ։

Հստակեցվել են որոշմամբ ներկայացված տնտեսական գործունեության տեսակները՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսության ոլորտում ռազմավարական առաջնահերթություններն ու գերակա ոլորտները։

Որոշմամբ նախատեսվել է նաև, որ ներդրումների ծավալի հաշվարկի համար հիմք է ընդունվում միջոցառմամբ սահմանված պայմանագրի կնքումից հետո ներդրումային ծրագրի իրականացման համար կատարված ներդրումների արժեքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։

Առաջարկվող կարգավորումներով, մասնավորապես, տրամադրվող օժանդակության արժեքը չի կարող գերազանցել կառուցվող ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը և ոչ ավելի, քան միջոցառմամբ սահմանված՝ մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը, 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ 20 տոկոսը և այլն:

Բանկային երաշխիքի պահանջը հանվել է, քանի որ պետության կողմից փոխհատուցումն իրականացվում է շահառուի կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցումից և ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո, ուստի դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ծրագիրը իրականացնում և ենթակառուցվածքները ստեղծում է նույն կազմակերպությունը։