X-ը կբացի իր առաջին հավելվածների մշակման գրասենյակը ԱՄՆ-ից դուրս՝ Ճապոնիայում

X-ը կբացի իր առաջին հավելվածների մշակման գրասենյակը ԱՄՆ-ից դուրս՝ Ճապոնիայում

X սոցիալական ցանցը ԱՄՆ-ից դուրս իր առաջին գրասենյակը կբացի Ճապոնիայում։ Այս մասին X Corp.-ի գործադիր տնօրենն ասել է ճապոնական Nikkei բիզնես թերթին տված հարցազրույցում։

«Մեր նպատակն է պրոդուկտներ ստեղծել Ճապոնիայում և կարողանալ ուղղակիորեն կապ հաստատել գովազդատուների հետ», – ասել է Լինդա Յակարինոն ու ընդգծել, որ X օգտատերերի թվով Ճապոնիան երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո:

Անդրադառնալով ընկերության սեփականատեր Իլոն Մասկի՝ հրեաների մասին վիճահարույց մեկնաբանությունների թեմային՝ Յակարինոն նշել է, որ նախկինում «ներողություն է խնդրել և լիովին պարզաբանել իր դիրքորոշումն այս հարցում»՝ ընդգծելով, որ «հակահրեականությունը տեղ չունի X հարթակում»։

Նախկինում Մասկը մեկնաբանել էր X օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել էր, որ «հրեական համայնքները սպիտակամորթների նկատմամբ նույն ատելությունն են քարոզում, որը իրենք պահանջում են դադարեցնել իրենց հանդեպ»։ Ձեռնարկատերը համաձայնել է այս պնդման հետ։

Հիշեցնենք՝ Յակկարինոն X Corp.-ի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է այս տարվա մայիսին։ Մինչ այդ նա աշխատել է որպես ամերիկյան NBCUniversal մեդիա կորպորացիայի վաճառքի տնօրեն։

Աղբյուրը՝    b24.am