Երևանում ստորագրվել է անասնաբուժության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Վրաստանի միջև
Դեկտեմբերի 7-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի ազգային գործակալություն ՀԻԻԱ-ի և Վրաստանի գյուղատնտեսության պետական լաբորատորիա ՀԻԻԱ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրով կողմերը կհամագործակցեն հետևյալ շրջանակներում՝
- անասնաբուժության ոլորտում կարողությունների զարգացում և համագործակցության ընդլայնում,
- հատուկ վտանգավոր հիվանդությունների բռնկումների հայտնաբերում, կանխարգելում եւ դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացում,
- անասնաբուժության բնագավառում գիտական տեղեկատվության փոխանակում,
- աշխատաժողովների և հանդիպումների կազմակերպում,
- անասնաբուժության բնագավառում փորձի փոխանակում։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, Վրաստանի «ԼԵՓԼ» սննդամթերքի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Վասիլի Բասիլաձեն և Վրաստանի «ԼԵՓԼ» գյուղատնտեսության պետական լաբորատորիայի տնօրեն Իրաքլի Գուլեդանին։