Փարիզի համաժողովում ներկայացվել է հակամրցակցային համաձայնություններում տնտեսական ապացույցների կիրառման ՀՀ փորձը
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 22-րդ համաշխարհային համաժողովին:
Ինչպես տեղեկացնում են հանձնաժողովից, համաժողովի երկու օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և հրավիրված փորձագետների հետ քննարկումներ են ունեցել մրցակցության ոլորտի համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
«Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը ներկայացրել է հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ գործերում տնտեսական ապացույցների կիրառման Հայաստանի մրցակցային մարմնի փորձը:
ՄՊՀ նախագահը նշել է, որ հակամրցակցային համաձայնությունները տնտեսական մրցակցության ոլորտի այլ իրավախախտումների համեմատ շատ ավելի դժվար ապացուցելի են, քանի որ հաստատվում են տնտեսական բնույթի ապացույցներով, այլ կերպ ասած՝ իրավաբանական անձանց գործողությունների և վարքագծի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ իր խոսքում նա անդրադարձել է օրենքով նման ապացույցների ձեռքբերման նպատակով ՄՊՀ-ին վերապահված գործիքակազմին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնությունները հիմնավորող տնտեսական և անուղղակի ապացույցների առնչությամբ ՀՀ դատական ատյանների ցուցաբերած մոտեցումներին: