Գերխնդիրն այն է, որ մեր հանքարդյունաբերական ռեսուրսների հիմնական շահառուն դառնա Հայաստանը․ նորաստեղծ պալատի նախագահը խոսել է նպատակների մասին

Գերխնդիրն այն է, որ մեր հանքարդյունաբերական ռեսուրսների հիմնական շահառուն դառնա Հայաստանը․ նորաստեղծ պալատի նախագահը խոսել է նպատակների մասին

Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատի գործադիր նախագահ Արտյոմ Գեղամյանի կարծիքով՝ մեր երկիրն իր աշխարհագրական դիրքի և որոշակի պաշարների շնորհիվ ունի հնարավորություններ՝ դառնալու կարևոր խաղացող հանքարդյունաբերության ոլորտում և աշխարհին տրամադրելու իր մասնաբաժինը՝ փոխարենը ստանալով բարեկեցություն ազգաբնակչության համար, տեխնոլոգիաներ ու բնապահպանական ավելի բարձր ստանդարտներ երկրի համար։

Նորաստեղծ պալատի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակում զրուցելով «Արմենպրես»-ի թղթակցի հետ՝ Գեղամյանը նշեց, որ հաշվի առնելով ամբողջ աշխարհում կրիտիկական մետաղների արդյունահանման հետ կապված զարգացումները մետալուրգիայի բնագավառում, ինչպես նաև Հայաստանում որոշակի պաշարների և հանքարդյունաբերության փորձի առկայությունը՝ կառույցը շահագրգռված է, որպեսզի ՀՀ-ում ներմուծվեն միջազգային լավագույն կառավարման փորձը, բնապահպանական տեխնոլոգիաներն ու սոցիալական չափորոշիչները։

«Հաջորդ բաղկացուցիչը մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտում ներդրողների դաշտի դիվերսիֆիկացիան է, որպեսզի ներդրողներ ներգրավվեն հնարավորինս շատ երկրներից, մասնավորապես այն պետություններից, որոնք ավանդաբար համարվում են տվյալ բնագավառի բնօրրաններ։ Այդպիսիք են, օրինակ, Կանադան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, հետևաբար պատահական չէ, որ պալատի համահիմնադիրներ են հանդիսանում նաև կանադահայերն ու լիբանանահայերը, որոնք մետալուրգիայի բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ են։ Համագործակցությունն այս պահին խորացված է Կանադայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ- գործընկերների հետ։ Օբյեկտիվորեն այնպես է ստացվել, որ հանքարդյունաբերության մեջ լավագույն փորձն ու տեխնոլոգիաները ծնվում են հենց այդ երկրներում»,- ասաց Գեղամյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ կարևոր տարրն առնչվում է հանքարդյունաբերության անվտանգությանը։ Պալատը ցանկանում ենք, որ մեր բնական ռեսուրսները դիտարկվեն ոչ միայն և ոչ այնքան բիզնեսի աղբյուր, այլ նոր հայեցակարգային մոտեցման արդյունքում օգուտ բերեն նախ և առաջ մեր երկրին։ Պալատն այդ առումով սերտորեն համագործակցելու է ՀՀ կառավարության հետ, որպեսզի մեր հանքարդյունաբերական ռեսուրսներն ընկալվեն նաև որպես ՀՀ անվտանգային ճարտարապետության կարևոր տարր։

«Մեր գործունեության մեջ կարևոր ուղենիշ է լինելու կառավարության կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության իրականացումը։ Կառավարությունն ընդունել է նաև գործողությունների ծրագիր, որով նախատեսվում է առաջիկա տասը տարվա ընթացքում իրականացնել ոլորտի հիմնական բարեփոխումները, ինչը որոշակի կանխատեսելիություն է ապահովում պոտենցիալ ներդրողների և բոլոր շահառուների համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև տեղական համայնքները, որոնց հետ պալատն աշխատելու է մասնագիտացված կոմիտեների միջոցով։ Հիմնական նպատակն այն է, որ մեր հանքարդյունաբերական ռեսուրսների հիմնական շահառուն դառնա Հայաստանը, մեր ժողովուրդը, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ ընդերքը և բնական ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»,- նշեց մեր զրուցակիցը։

Գեղամյանը հավաստեց, որ իրենք առաջնահերթություն են վերապահելու հայաստանյան ընկերություններին և կազմակերպություններին, որոնք նախատեսում են գործունեություն ծավալել հանքարդյունաբերության բնագավառում։ Հայաստանն ունի կրիտիկական մետաղներ, ունի պղնձի, ոսկու պաշարներ, մեր երկրում կան դեռ հետազոտման ենթակա կոբալտի ու նիկելի պաշարներ, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նույնիսկ կարելի է կորզել պոչամբարներում կուտակված մետաղները։

Համաժողովին ներկա էր նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։ Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունների համար կանաչ տնտեսության մեջ ներդրումներ կատարելը եկամտաբեր է՝ հաշվի առնելով բնապահպանական և սոցիալական հիմնախնդիրները։

«ՄԱԿ-ը մասնավորապես փորձում է համագործակցել մասնավոր սեկտորի հետ, առավել ևս, որ բազմաթիվ կազմակերպություններ շահագրգռված են համագործակցությամբ հատկապես կայուն զարգացման նպատակների ծրագրի շրջանակում։ Նման համաժողովներն օգնում են հասկանալ, թե ինչպես կարելի է համագործակցել կայուն զարգացման, բնապահպանական և սոցիալական կառավարման գործառույթների համատեքստում։ Դա ընդհանուր առմամբ կօգնի արդյունավետ միջավայրի ստեղծմանը։ Եթե նոր տեխնոլոգիաներն օգտագործվեն հավուր պատշաճի, եթե կիրառվի միջազգային փորձը, ապա հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները կունենան ավելի շատ հնարավորություններ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար», - եզրափակեց Նաննա Սկաուն։    

Մանվել Մարգարյան