Սյունիքի մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 24 սուբվենցիոն ծրագրերը․ ՀՀ ՏԿԵՆ

Սյունիքի մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 24 սուբվենցիոն ծրագրերը․ ՀՀ ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է Սյունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Ըստ նախարարության հաղորդագրության, 2023թ․Սյունիքի մարզում հաստատվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 24 սուբվենցիոն ծրագիր, որոնք իրականացվում են ՀՀ կառավարություն-համայքն համաֆինանսավորմամբ։

 

Այս տարի մարզի համայնքների ներկայացրած սուբվեցնիոն ծրագրային հայտերից հաստատվել է 24-ը՝ ընդհանուր 6 մլրդ 615 մլն 910 հազար դրամ արժեքով, որից 4 մլրդ 133 մլն 252 հազարը ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումն է, մնացած մասը՝ համայնքներինը։

 

2023 թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերն ըստ համայնքների հետևյալ քանակն ունեն.

  • Կապան՝ 11 ծրագիր,
  • Գորիս՝ 4 ծրագիր,
  • Քաջարան՝ 2 ծրագիր,
  • Մեղրի՝ 2 ծրագիր,
  • Տեղ՝ 1 ծրագիր,
  • Տաթև՝ 4 ծրագիր։

 

Սիսիան համայնքը, պայմանավորված նոր ձևավորված ՏԻՄ-ով, չէր հասցրել ծրագրեր ներկայացնել։

 

Քաջարան խոշորացված համայնքն այս տարի ներկայացրել է 2 ծրագիր՝ 1 մլրդ 208 մլն100 հազար դրամի՝ յուրաքանչյուրը երեք մասնաբաժնով։ Այս գումարի մեջ ՀՀ կառավարության համաֆինանսավորման չափը՝ 724 մլն 740 հազար դրամ։

 

 Դրանք են. 

 

«Քաջարան քաղաքի Գայ և Աբովյան փողոցների բակերի, Գետափնյա և Խանջյան փողոցների մայթերի հիմնանորոգում/բարեկարգում»։

 

Ծրագրի արժեքը՝ 126 մլն 830 հազ դրամ, որից պետբյուջեի մասնաբաժինը՝ 76 մլն 98 հազար դրամ։

 

«Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում/բարեկարգում», որի ենթաբաղադրիչներով նախատեսվում է.

 

Մ2-Գեղի– Աջաբաջ ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգում․ ընդհանուր արժեքը՝ 450 մլն 970 հազար դրամ, պետական համաֆինանսավորումը՝ 270 մլն 582 հազար դրամ։

 

  • Քաջարանց գյուղի ճանապարհների հիմնանորոգում․ ընդհանուր արժեքը՝ 122 մլն 980 հազար դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 73 մլն 788 հազար դրամ։
  •  Լեռնաձոր – Փուխրուտ – Կաթնառատ ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգում, ընդհանուր արժեքը 507 մլն 320 հազար դրամ, որից պետական համաֆինանսավորումը՝ 304 մլն 392 հազար դրամ։

 

Ներկայումս այս ծրագրերն ընթացքի մեջ են ու կավարտվեն 2024 թվականին։ Իսկ Մ2- Գեղի – Աջաբաջ ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի մինչև այս տարեվերջ։

 

Այս պահին Քաջարանում 90 տոկոսով ավարտվել են ու մինչև 2024-ի սկիզբ վերջնական տեսք կստանան ևս երկու ծրագրեր։

 

«Փողոցային լուսավորության համակարգի կառուցում գյուղական բնակավայրում» ծրագրով լուսավորվում են Անդոկավան, Քաջարանց, Փուխրուտ, Նոր Աստղաբերդ, Ձագիկավան, Կաթնառատ, Աջաբաջ բնակավայրերը։

 

Ծրագրի ընդհանուր արժեքը 71 մլն 242 հազար դրամ է, որի 60 տոկոսը պետության համաֆինանսավորումն է։

 

  • «Քաջարան խոշորացված համայնքի Ձագիկավան և Գետիշեն գյուղերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ» ծրագրով համայնքի ջրամատակարարման բարելավման նպատակով գետային ջրընդունիչ և առաջնային պարզարան է կառուցվում։

 

Ծրագրի ընդհանուր արժեքը 179 մլն 731 հազար դրամ է, որի 70 տոկոսը պետության համաֆինանսավորումն է։

 

  • Արդեն մի քանի տարի է՝ տարբեր փուլերով Քաջարանում սուբվենցիոն ծրագրով ընթանում է հանրապետությունում իր ծավալով բացառիկ մի ծրագիր, որով բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման աշխատանքներ են իրականացվում: Դրա շնորհիվ քաղաքի շենքերի մեծ մասն արդեն թե՛ օգտվում են էներգախնայողությունից, և թե՛ փոխվել է դրանց արտաքին տեսքը։

 

Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 630 մլն դրամ է, որի 30% -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից: 2023-ին պետբյուջեից այս ծրագրի համար հատկացվել է 743 մլն դրամ։

 

2023-ին՝ Քաղաքի տոնի օրը, Քաջարանում նախորրդ տարվանից մեկնարկած ծրագրերի արդյունքում նաև խաղահրապարակներ ու պուրակներ են բացվել, որով բնակիչների համար հանգստյան ու առողջ ապրելակերպի հարմարավետ հնարավորություններ են ստեղծվել։

 

Դրանցից մասնավորապես առանձնացնենք Շիրվանզադեի փողոցում կառուցված խաղահրապարակը, Լեռնաձոր գյուղի, Բակունցի և Շահումյան փողոցների պուրակները, շուտով ևս մեկ վերակառուցված պուրակ կբացվի Լեռնագործներ փողոցում։

 

Նշենք, որ Քաջարանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերում համայնքի համաֆինանսավորման ապահովմանը մեծապես աջակցում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։