Համապատասխանեցվում են Հարկային օրենսգրքի եւ «Սնանկության մասին» օրենքի դրույթները

Համապատասխանեցվում են Հարկային օրենսգրքի եւ «Սնանկության մասին» օրենքի դրույթները

Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու եւ հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովին է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նախագծերի ընդունմամբ օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը կհամապատասխանեցվի օրենքի դրույթներին, հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն, իսկ սնանկ ճանաչված պարտապանը` սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն: Կկանոնակարգվեն մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը սկսված (կամ դրանց վերաբերյալ հանձնարարագիր հրապարակված) ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացմանը, եկամտային հարկի, սոցիալական վճարների եւ դրոշմանիշային վճարի գումարների բավարարման հերթականությանը, այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարի վճարմանը, օրենքով նախատեսված դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկին, էլեկտրոնային ապացույցների ներկայացմանը վերաբերող հարցերը:

Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը: