Եղեգնաձոր համայնքը մասնակցեց «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ին

Նոյեմբերի 29-30-ին Եղեգնաձոր համայնքն իր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ի շրջանակներում անցկացվող «Վերականգվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում համայնքների կարողությունների զարգացման» եռամյա ծրագրի մեկնարկային աշխատաժողովին։
«Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» կազմակերպել էին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:
Եղեգնաձոր hամայնքից ծրագրին մասնակցել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ ի թիվս ՀՀ բոլոր մարզերի խոշորացված համայնքների մեծամասնությունից մասնակցող ավելի քան 70 ներկայացուցչի։

Քննարկումների ժամանակ արծարծվել են համայնքների էներգետիկ քաղաքականությանը, առկա բիզնես մոդելներին, համայնքների կողմից արևային էներգիայի նախագծերի և էներգաարդյունավետության լուծումների պլանավորմանը, նախագծմանը, ֆինանսավորմանը, տեղակայմանն ու մշտադիտարկմանը՝ ներկայացնելով համայնքներում իրականացված ծրագրերի փորձի և օրինակների հիման վրա:
«Հայաստանի համայնքներն ու մարզպետարանները կարևոր դեր են խաղում Հայաստանի մաքուր էներգիայի աղբյուրներին անցման ճանապարհին և կլիմայի փոփոխության ազդեցության հակազդման պայքարում» - իր խոսքում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։
«Աշխատաժողովը եռամյա վերապատրաստման ծրագրի մաս է կազմում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից: Նախաձեռնության նպատակն է աջակցել համայքներում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանն ու էներգաարդյունավետության լուծումների ներդրմանը, ինչը համայնքներին կընձեռի հնարավորություն տնտեսելու համայնքային միջոցներ, բարելավելու մատուցվող ծառայությունների որակը, բարձրացնելու քաղաքացիների բարեկեցության մակարդակը, նպաստելու համայնքներում էներգետիկ անվտանգության բարձրացմանը, նպաստելու շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը՝ մեղմելով կլիմայի փոփոխության ազդեցությունը» - ասել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը։