Հայաստանում և Վրաստանում փոքր բիզնեսները միջսահմանային ֆակտորինգային գործարքներ են իրականացնում

Հայաստանում և Վրաստանում փոքր բիզնեսները միջսահմանային ֆակտորինգային գործարքներ են իրականացնում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) խթանում է միջազգային ֆակտորինգի զարգացումը` աջակցելով TBC Բանկի և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ միջև միջսահմանային գործարքներին՝ սատարելով այս բանկերի հաճախորդների միջև ընթացիկ առևտուրը: Երկու բանկերն էլ FCI-ի՝ ֆակտորինգի ոլորտի համաշխարհային ներկայացուցչական կազմակերպության անդամներ են:

Տվյալ գործարքներն աջակցում են Վրաստանից Հայաստան պարենային ապրանքների արտահանմանը` հրուշակեղենի տեղական արտադրության համար: Երկու բանկերի միջև միջազգային ֆակտորինգի պայմանավորվածությունը հնարավոր է դարձել FCI-ի միջսահմանային ֆակտորինգի հարթակի միջոցով, և սա առաջին անգամն է, երբ դրան սատարում են ՎԶԵԲ-ի երաշխիքները: Այս մասին ejc.am-ին տեղեկացնում են ՎԶԵԲ-ի մամլո ծառայությունից։  

Ֆակտորինգը կարևոր գործիք է փոքր բիզնեսի համար, որտեղ գրավի բացակայությունը կարող է լրջորեն խոչընդոտել աճը: Այս ծառայությունն ընդլայնում է ֆինանսավորման հասանելիությունը փոքր ձեռնարկությունների համար, օգնում է բարձրացնել նրանց մրցունակությունը և նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը։

ՎԶԵԲ-ի՝ Մասնագիտացված ֆինանսական ծառայությունների և առևտրի ֆինանսավորման գծով տնօրեն Ալեքսանդր Սավելևն ասել է. «Ֆակտորինգը կարևոր գործիք է այն երկրների ֆինանսական հատվածների համար, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում, և ունի զարգացման մեծ ներուժ: Մենք հաջողությամբ խթանում ենք ֆակտորինգը ՎԶԵԲ-ի տարածաշրջանում մեր՝ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման միջոցառումների միջոցով և օգնել ենք բազմաթիվ տեղական բանկերի զարգացնել ֆակտորինգը որպես պրոդուկտ փոքր բիզնեսների համար: Մենք ուրախ ենք մեր երաշխիքներով աջակցել FCI-ի անդամներ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻՆ և TBC բանկին իրենց միջսահմանային ֆակտորինգային բիզնեսում: Սա առաջին անգամն է, երբ մենք աջակցում ենք FCI-ի միջսահմանային ֆակտորինգային հարթակի միջոցով փաստաթղթավորված միջազգային ֆակտորինգային գործարքներին»:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ կորպորատիվ ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Բարսեղյանն ասել է. «Հայաստանում FCI-ի միակ անդամ հանդիսացող ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ առաջատարն է ֆակտորինգի տեղական շուկայում: Միջազգային ֆակտորինգի զարգացումը FCI-ի հետ համագործակցության միջոցով միշտ մեր բանկի հիմնական առաջնահերթություններից մեկն է եղել: TBC Բանկի և ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ մենք դարձանք Հայաստանում առաջին բանկը, որը ներկայացրեց ֆակտորինգային նոր լուծում, և այդ լուծումը միջազգային առևտրով զբաղվող փոքր բիզնեսներին հնարավորություն է ընձեռում օգտագործել նույն լուծումները նաև իրենց միջսահմանային բիզնեսի համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում վրաստանյան մեր գործընկերոջը՝ TBC բանկին, համագործակցության համար և համոզված ենք, որ նման նորարարական լուծումները կխթանեն Հայաստանում միջազգային ֆակտորինգի զարգացումը»։

TBC Բանկի Առևտրի ֆինանսավորման և ֆակտորինգի բաժնի ղեկավար Թամար Խիզանիշվիլիի խոսքով. «Լինելով իր տեսակի մեջ առաջինը, այս գործարքը ՎԶԵԲ-ի, FCI-ի և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հետ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության ևս մեկ վկայություն է: Տվյալ նախագիծը միավորում է մեր բանկի համար շատ կարևոր երկու ուղղություն՝ արտահանման խթանումը և Վրաստանի ու նրա հարևան երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել մեր հայաստանյան գործընկեր՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻՆ, վստահության և համագործակցության համար։ Որպես կապիտալով Վրաստանի խոշորագույն բանկ՝ մենք կշարունակենք աջակցել և իրականացնել նորարարական նախագծեր, որոնք կարևոր նշանակություն ունեն Վրաստանի տնտեսության զարգացման համար»։

FCI-ի Գլխավոր քարտուղար Փիթեր Մալրոյը հավելել է. «Մեզ համար մեծ պատիվ է տեսնել, որ FCI-ի երկու անդամներ՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ (անդամակցում է 2008 թվականից) և TBC Bank-ը (անդամակցում է 2016 թվականից), համատեղ աշխատում են ՎԶԵԲ-ի աջակցությամբ՝ մշակելու միջսահմանային ֆակտորինգի այս եզակի կառուցվածքը: ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի և FCI-ի երկգործոն edifactoring.com հարթակի ներքո համատեղելով ռիսկի նվազեցման երաշխիքը, TBC Բանկին տրամադրվում է ուժեղացված պաշտպանություն թե՛ Հայաստանում գտնվող հաճախորդի: Այս նորարարական կառույցը հեշտությամբ կարող է կրկնօրինակվել FCI-ի անդամների կողմից ՎԶԵԲ-ի ամբողջ տարածաշրջանում: Մենք շնորհավորում ենք բոլոր կողմերին այս հնարավորությունն իրականություն դարձնելու կապակցությամբ»:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ և TBC Բանկը մասնակցում են ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրին (TFP): Առևտրի խթանման ծրագիրը մեկնարկել է 1999 թվականին՝ խթանելու արտաքին առևտուրը այն երկրների միջևորտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում, ինչպես նաև դեպի այդ երկրներ և այն երկրներից դուրս արտաքին առևտուրը: Ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը երաշխիքներ է տրամադրում միջազգային հաստատող բանկերին և կարճաժամկետ վարկեր ընտրված բանկերին և ֆակտորինգային ընկերություններին՝ տեղական արտահանողներին, ներմուծողներին և դիստրիբյուտորներին հետագայում վարկեր տրամադրելու նպատակով: TFP-ն ներկայումս ներառում է ավելի քան 100 գործընկեր բանկ 30 երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում, և ավելի քան 800 հաստատող բանկ ամբողջ աշխարհում: