Սահմանամերձ Կիրանց գյուղում կառուցվող դպրոցի նոր շենքը գարնանը պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին

Սահմանամերձ Կիրանց գյուղում կառուցվող դպրոցի նոր շենքը գարնանը  պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին
Դեկտեմբերի 9-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է Տավուշի մարզի Կիրանց և Գանձաքար բնակավայրերի նոր կառուցվող դպրոցների շինհրապարակներ:
Նախարարը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Կիրանց գյուղի դպրոցը կառուցվում է պետբյուջեի միջոցներով, «Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների շենքային պայմանների բարելավման ծրագրի» շրջանակում: Նոր դպրոցը կունենա ինը դասասենյակ, աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված՝ ընդլայնելու հնարավորությամբ: Շենքը կունենա և՛ միահարկ, և՛ երկհարկ հատվածներ՝ գրադարանով, համակարգչային դասարաններով: Այս առանձին մասնաշենքն էլ նախատեսված է մարզադահլիճի համար, դրսում կգործի մարզահրապարակ:
Գանձաքար գյուղում եւս նոր դպրոց է կառուցվում՝ նախկին շենքի տեղում, բայց բոլոր չափանիշներով նրան գերազանցող, նախ՝ ծավալով: Շինարարությունը մեկնարկել է 2021-ին՝ Ասիական զարգացման բանկի և Կառավարության համաֆինանսավորմամբ: 480 աշակերտի համար նախատեսված դպրոցի շենքը պատրաստ կլինի՝ ըստ շինարարների, մինչև տարեվերջ: