Կազմակերպված զբոսաշրջությունը դեռ կայուն վերականգնման փուլ չի մտել. ի՞նչ քայլեր են անհրաժեշտ

Կազմակերպված զբոսաշրջությունը դեռ կայուն վերականգնման փուլ չի մտել. ի՞նչ քայլեր են անհրաժեշտ

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 42 տոկոս աճ է գրանցվել։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստան եկածների կեսից ավելին Ռուսաստանից է, որին հաջորդում է Վրաստանը, այնուհետև Իրանն ու ԱՄՆ-ն։  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջային  այցերի այս աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական զարգացումներով, ռուս-ուկրաինական խնդրով, այնպես էլ Հայաստանի ակտիվ աշխատանքով։

«Սա շատ կարևոր արդյունք է, որովհետև կորոնավիրուսի ու պատերազմի ուղղակի ազդեցությունը հենց կրել է զբոսաշրջության ոլորտը և այժմ տեսնում ենք ակտիվություն։ Ամեն ինչ արվել է, որ Հայաստանը պատշաճ ներկայացվի ու կարողանում ենք մեր դիրքերը պահպանել համաշխարհային շուկայում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Որքանո՞վ են տուրիստական ընկերություններն իրենց վրա զգում զբոսաշրջային այս հոսքի ազդեցությունը։ «Վիզիթ Արմենիա» տուրիստական ընկերության հիմնադիր Վլադիմիր Գևորգյանի խոսքով՝ առաջին հայացքից թվերը կարևոր են, սակայն այստեղ խոսքը կազմակերպված տուրիզմի մասին չէ։ Շատ են անհատական այցելությունները, մեծ թիվ են կազմում նաև հայերը, որոնք գալիս են առանձին նախաձեռնությամբ և տուրիստական ընկերությունների հաճախորդները չեն։

«Այս այցերը երկրի բյուջեի, տնտեսական ակտիվության տեսանկյունից շատ կարևոր են, չէ՞ որ Հայաստան եկած զբոսաշրջիկը 7-10 օրվա ընթացքում միջինը մինչև 1500 դոլար գումար է ծախսում։ Ամեն դեպքում մենք արձանագրում ենք, որ այս քանակության մի զգալի հատվածը չի եղել տուրիստական ընկերությունների հաճախորդ։ Ցավոք, դեռ այս այցելությունները տուրիստական ընկերություններին մեծ բան չեն ասում»,-ասաց Վլադիմիր Գևորգյանը։

Մասնագետներն արձանագրում են, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն վերականգնման փուլ չի մտել։ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ գործընկերները տարբեր երկրներից դեռ խիստ զգուշավոր են Հայաստան զբոսաշրջային խմբեր ուղարկելու առումով։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրների իրավասու մարմինների պաշտոնական կայքերում Հայաստանը դեռ նշված է կարմիրով։

«Կազմակերպված տուրիզմն է, որ նպաստում է տնտեսության համաչափ զարգացմանը, ամբողջ տարածքում եկած գումարների հավասարաչափ բաշխմանը, առավելագույնս պատշաճ ներկայացվում է մշակութային ժառանգությունը։ Անհատական տուրիզմի պարագայում այդ հնարավորություններն ավելի քիչ են»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Որո՞նք պետք է լինեն առաջիկա քայլերը։ Մասնագետների կարծիքով՝ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել շուկաները, բոլոր ռեսուրսները օգտագործելով՝ կարողանալ կոտրել այդ կարծրատիպը և ցույց տալ, որ Հայաստանն անվտանգ է։ Դրան հասնելու համար նաև շատ կարևոր են Հայաստանում միջազգային նշանակության միջոցառումներ կազմակերպելը, տեղական կայացած փառատոններին աջակցելը։