Գալիք տարվա համար նույնպես կանխատեսում ենք սոլիդ տնտեսական աճ. ԿԲ նախագահ

Գալիք տարվա համար նույնպես կանխատեսում ենք սոլիդ տնտեսական աճ. ԿԲ նախագահ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի կարծիքով՝ բոլորի մոտ կա այն ընկալումն ու գիտակցումը, որ գնաճը չարիք է, հետևաբար ԿԲ-ն իր ամբողջ գործիքակազմով մշտապես պայքարելու է, որպեսզի Հայաստանում գնաճը լինի ցածր ու կառավարելի, որովհետև դա է այն գլխավոր նախապայմանը, որի առկայության դեպքում երկրներն ունենում են կայուն և դինամիկ զարգացող տնտեսություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամլո ասուլիսում Գալստյանը նշեց, որ ցածր, կայուն և կանխատեսելի գնաճային միջավայրը թույլ է տալիս ներդրումներ կատարել և նման պայմաններում հնարավորություն է ընձեռվում նաև աշխատավարձերի պարբերաբար վերանայման համար, հետևաբար ցածր ու կանխատեսելի գնաճ ունենալը գերնպատակ է։                     

Գալստյանը տեղեկացրեց, ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0,25 տոկոսային կետով՝սահմանելով 9,25 տոկոս։ 2023 թվականի նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ նախորդ ամսվա վերջին կազմելով -0,5 տոկոս, իսկ 12-ամսյա բնական աճը հոկտեմբերին կազմել է 0։ Չորրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ-ի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել։

«Դա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների և համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ։ Նման իրավիճակում գործընկեր երկրների Կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն հարաբերականորեն զսպող դրամավարկային պայմանները։ Արդյունքում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ։ Չորրորդ եռամսյակում Հայաստանում կպահպանվի բարձր տնտեսական ակտիվություն, ինչին նպաստում են շինարարության և ծառայության ճյուղերի բարձր աճի տեմպերը։ Արտաքին պահանջարկը դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր։ Վերջինս հիմնականում արտահայտվում է մասնավոր սպառման բարձր աճով։ Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների պարագայում և իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաև աշխատաշուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ»,- ասաց ԿԲ նախագահը։

Գալստյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը համարժեք գործողություններով հետևողական է լինելու, որպեսզի ապահովի պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում։ Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային չորս տոկոս ցուցանիշի շուրջ։ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի որևէ ուղղության դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունացման գործառույթը։

«Ընթացիկ տարվա համար տնտեսական աճին առնչվող մեր կանխատեսումները որոշակիորեն ավելի բարձր են, քան մենք նույնիսկ ակնկալում էինք նախորդ կանխատեսումների ժամանակ և տարվա կտրվածքով տնտեսական աճը կլինի 8,3 տոկոս։ Իսկ ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա 2024 թվականի համար ևս բավականին սոլիդ աճ ենք սպասում՝ 6,1 տոկոս։ Հիմնական շարժիչ գործոնները շարունակում են կապված լինել պահանջարկի հետ։ Խոսքը հիմնականում սպառման մասին է։ Օրինակ՝ մանրածախ առևտրի մասով 12-ամսյա կտրվածքով հոկտեմբերին 17 տոկոսով աճ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ՝ մյուս տարվա վերջին գնաճն ավելի մոտ կլինի մեր նախանշված թիրախին»,- ասաց Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ արտերկրից ընդհանուր դրամական փոխանցումների մասով կա որոշակի նվազում, այսինքն՝ նվազել են այն փոխանցումները, որոնք կատարվում են ոչ առևտրային նպատակով բանկային համակարգի միջոցով։  ԿԲ խորհուրդը վերջին նիստում անդրադարձել է նաև զբոսաշրջության բնագավառի ցուցանիշներին, որոնց համաձայն՝ տարեսկզբից ավելի քան 40 տոկոսի աճ է գրանցվել։ Սակայն այդ ֆոնին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նկատվել է նաև աճի տեմպի դանդաղում 4 տոկոսի չափով։ Անցյալ տարի հիմնական շարժիչ գործոնն արտաքին պահանջարկն էր, սակայն ընթացիկ տարում նկատվում է արդեն ներքին պահանջարկի ակտիվացում, ինչը պայմանավորված է նաև պետական ծախսերով ու մեր հայրենակիցների կողմից վարկային միջոցների ներգրավմամբ։

Գալստյանի դիտարկմամբ՝ սովորաբար շինարարական բումին հաջորդում է ապրանքների ներմուծումը, ինչը պայմանավորված է շենք-շինությունները կահավորելու անհրաժեշտությամբ։ Այդ տեսանկյունից ընթացիկ տարում արձանագրվել է բավականին սոլիդ սպառողական վարկերի աճ, մինչդեռ այդ ցուցանիշը նախորդ տարում այդքան էլ մեծ չէր, քանի որ բանկերի գործունեությունը միտված էր ոչ  վարկային պրոդուկտների միջոցով շահույթների ձևավորմանը։ Այս տարի բնականոն բանկային գործունեությունը ևս բարձրացել է և արդեն տեսանելի է, որ ներքին պահանջարկը որոշակիորեն ավելանում է, ինչը նաև ակնառու է տնտեսական աճի ցուցանիշներում։ Այս միտումն ընկած է եղել ԿԲ-ի որոշման հիմքում, ըստ որի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0,25 կետով։

«2020 թվականից մեկնարկեց դրամավարկային քաղաքականության խստացման քաղաքականությունը։ Այդ ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25 էր։ Խստացման ցիկլի ընթացքում առավելագույն ցուցանիշին եկել ենք այս տարվա երկրորդ եռամսյակում, երբ ցուցանիշը 10,75 տոկոս էր, սակայն բարձրացումն ամբողջությամբ չի արտացոլվել վարկային տոկոսների մեջ, որոնց աճն ամբողջ ընթացքում եղել է շատ ավելի մեղմ։ Հետևաբար, հետադարձ քայլերը, որոնք պետք է տոկոսադրույքի նվազեցմանը հաջորդեն, լինելու են ավելի սահուն։ Բոլորն էլ հասկանում են, որ դա արվում է ոչ թե բանկերի, այլ Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ իրեն տրված մանդատի համաձայն՝ նախևառաջ պետք է ապահովի գների կայունություն»,- եզրափակեց ԿԲ նախագահը։