Տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի մեկնարկային միջոցառումը

Տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի մեկնարկային միջոցառումը
«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։
Ըստ ՀՀ ՏԿԵ նախարարության հաղորդագրության, ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը:
Միջոցառմանը ներկայացվեց ծրագիրը՝ մինչ այժմ ձեռք բերված արդյունքները և հեռանկարները: Այն նաև հնարավորություն տվեց գործընկերներին և շահագրգիռ կողմերին փոխանակել տեղեկատվություն, ամրապնդել գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև համատեղել ջանքերը՝ Հայաստանում կանաչ էներգիան և համայնքների կայուն զարգացումը խթանելու ուղղությամբ:
Միջոցառմանը բացման ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան պրն. Էրիկ Թրինտրուպը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տկն. Սիլյա Կասմանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ պրն. Աշոտ Գիլոյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր պրն. Գոռ Վարդանյանը:
Աշոտ Գիլոյանը նշեց, որ համայնքների և տնային տնտեսությունների համար էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությունը կարևոր նախադրյալ է համայնքային զարգացման և գյուղական բնակչության բարեկեցության և էներգետիկ անվտանգության համար: Նա կարևորեց այն, որ ծրագիրը կենտրոնանում է Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում էներգիայի տեսանկյունից խնդրային համայնքների վրա, այդ թվում չգազաֆիկացված, հեռավոր և դժվարհասանելի բնակավայրերի վրա, որտեղ էներգիային առնչվող հարցերը առավել սուր են:
Գիլոյանը շնորհակալություն հայնտեց Եվրամիությանը Հայաստանում տարբեր ուղղություններով շարունակական աջակցություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ ՏԿԵՆ-ն պատրաստակամ է հանդես գալ որպես կարևոր/առանցքային պետական գերատեսչություն՝ ապահովելով նախաձեռնությունների և ծրագրերի ընդհանուր համակարգում և ուղղորդում ըստ ռազմավարական առաջնահերթությունների: