Շիրակի մարզպետարանում քննարկվել են մարզում շտապ բժշկական օգնության ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզ այցելած առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանին և նախարարության պատասխանատուներին։
Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի տեղեկատվության, հանդիպման ժամանակ քննարկվել են «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի» իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները:
Շիրակի մարզպետը կարևորել է ծառայության հասանելիությունն ու սպասարկման որակի բարձրացումը։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հավաստմամբ նոր ծրագրի ներդրման նպատակն ու վերջնարդյունքը պետք է լինի հանրապետության ամբողջ տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպումը:
Անդրադարձ է կատարվել ծառայության Շիրակի մարզում իրականացման քարտեզագրմանն ու առավել օպտիմալ աշխատանքներ իրականացնելուն միտված քայլերի հերթականությանը։