Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր, Ղազախ–Իջևան սահմանին

Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր, Ղազախ–Իջևան սահմանին
Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր,Ղազախ–Իջևան սահմանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրները։
Նշվում է, որ Ադրբեջանը կվերադարձնի 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինվորի։
Հայտնել էինք, որ ՀՀ վերադարձող հայ ռազմագերիները գերեվարվել են 2020 թ. դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ու հենց ԼՂ–ում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է։ Նրա խոսքով` գերիների փոխանակությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am