ԱՄՀ Գործադիր խորհուրդը ամփոփել է IV հոդվածի շրջանակում խորհրդակցությունները և հաստատել ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը

ԱՄՀ Գործադիր խորհուրդը ամփոփել է IV հոդվածի շրջանակում խորհրդակցությունները և հաստատել ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը դեկտեմբերի 11-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի են դարձել շուրջ 24.4 միլիոն ԱՄՆ դոլար (18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք) ծավալով վարկային միջոցներ՝ ընդհանուր ծավալը հասցնելով շուրջ 73.3 միլիոն ԱՄՆ դոլար (55.2 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք):

Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Համաձայն ԱՄՀ փորձագետների գնահատականների՝ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը շարունակվել են 2023 թվականի ընթացքում։ Սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում ակնկալվում է, որ տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, մինչդեռ, կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը 2024 թվականին կդանդաղի մինչև 5%: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և 2024 թվականի կեսերին կվերադառնա Կենտրոնական բանկի 4% թիրախին:

2024 թվականի բյուջեով պատշաճ կերպով հաշվի է առնվում Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատումը կնպաստի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակի պահպանմանը: Ընթացիկ կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը, ներառյալ նախատեսվող հարկային բարեփոխումները, կօգնեն մոբիլիզացնել անհրաժեշտ եկամուտներ՝ աջակցելու առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության և կապիտալ ծրագրերի ուղղությամբ առաջնահերթ ծախսերին:

Նշենք, որ Պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանը:

Սկզբնաղբյուր՝  http://bit.ly/3Notpm8