Նարեկ Մկրտչյանը Հայաստանի Հանրապետության անունից ելույթ է ունեցել Միջազգային աշխատաշուկայի համաժողովին

Նարեկ Մկրտչյանը Հայաստանի Հանրապետության անունից ելույթ է ունեցել Միջազգային աշխատաշուկայի համաժողովին
Սաուդյան Արաբիայի մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման նախարարի հրավերով՝ Էր Ռիյադում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթ է ունեցել Միջազգային աշխատաշուկայի համաժողովին։
Նախարարական կլոր սեղանի շրջանակում նախարար Մկրտչյանը այլ երկրների գործընկերներին ներկայացրել է ՀՀ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Իր ելույթում Նարեկ Մկրտչյանը կարևորել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց մասնագիտական ուսուցմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը՝ շեշտելով նաև կանանց տնտեսական հզորացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է ՀՀ ԱՍՀՆ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցությանը, որի շրջանակում հաջողությամբ իրականացվել է կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանն ու հմտությունների ուսուցանմանն ուղղված ծրագիր։
«Հայաստանն ընդլայնում է իր աշխատուժը՝ կենտրոնանալով երիտասարդների կրթության, աշխատողների վերապատրաստման և աշխատանքի առաջարկ-պահանջարկի անհավասարակշռության կարգավորման վրա: Մենք մշակում ենք Զբաղվածության ռազմավարություն՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման, աշխատուժի շարժունակության, ինչպես նաև երիտասարդների, կանանց, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական մոդելների ներդրման վրա»,- նշել է նախարարը։
Նարեկ Մկրտչյանը նաև կարևորել է տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը խթանող նախաձեռնությունների դերը՝ անդրադառնալով ArmMath Labs-ի նախագծի, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների գործունեությանը։
 Ելույթի ավարտին նախարարը կարևորել է նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ոլորտային խնդիրների կարգավորման տեսանկյունից։