Սևան-Հրազդան կասկադը 2024-2033 թթ. հիմնանորոգման համար շուրջ 137 մլն դոլար կներդնի

Սևան-Հրազդան կասկադը 2024-2033 թթ. հիմնանորոգման համար շուրջ 137 մլն դոլար կներդնի

 

Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը 2024-2033 թվականներին հիմնանորոգման համար շուրջ 55 մլրդ դրամ (մոտ 137 մլն դոլար) կներդնի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության ֆինանսների, էկոնոմիկայի և ներդրումների վարչության պետ Սերգեյ Բալասանյանը։

Մասնավորապես Արգելի ՀԷԿ-ում (կասկադի յոթ էլեկտրակայաններից ամենահզորը) ամբողջությամբ կփոխարինվեն չորս ագրեգատներից երկուսը, Արզնիում՝ երեքը (մյուսում կփոխարինվեն աշխատանքային հանգույցները): Կթարմացվեն նաև Սևանի և Հրազդանի ՀԷԿ-երի մեկական ագրեգատներ։

Երևանում տեղակայված երեք ՀԷԿ-երը (Քանաքեռ, Երևան-1 և Երևան-3) ծրագրում չեն ընդգրկվի: Նախորդ ներդրումային ծրագրի միջոցներով (2015-2016 թթ.) Երևան-1 ՀԷԿ-ում (որը մատակարարում է Երևանի կենտրոնը) ագրեգատներն ամբողջությամբ փոխվել են:

Այս աշխատանքները թույլ կտան կայանն անվտանգ շահագործել առաջիկա 25-30 տարիների ընթացքում, իսկ դրանց ավարտից հետո կայանում մուտքային ջրի նույն ծավալի դեպքում հնարավոր կլինի տարեկան 7-8%- ով (այսինքն՝ մոտ 30 մլն կՎտ/ժ) ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել:

Հիշեցնենք` Սևան-Հրազդան Կասկադն ընդգրկված է ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբում: Կասկադի էլեկտրակայանները տարեկան արտադրում են 350-400 մլն կՎտ/ժ կամ Հայաստանում էլեկտրաէներգիայի 4-4,5%-ը։