Անհրաժեշտ է ապահովել բեռների հետագծելիությունը

Անհրաժեշտ է ապահովել բեռների հետագծելիությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հանդիպել է բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողների հետ և ներկայացրել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ըստ հաղորդագրության, ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրել է ՌԴ գործընկերների դիրքորոշումը. խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի, բեռների նկատմամբ չի լինելու: Նրանք վստահեցրել են, որ բեռներն անցնելու են փաստաթղթային, ֆիզիկական և լաբորատոր փորձաքննություն, և, խնդիրներ չհայտնաբերելու դեպքում, անարգել անցնելու են վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը:
Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ ինքը ռուսական կողմին երաշխավորել է, թե արտահանվող բուսասանիտարական ենթահսկման բեռների անվտանգության հավաստագրերը տեսչական մարմնի կողմից տրվելու են միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո: «Ամենայն ուշադրությամբ հետևեք արտահանման ներկայացվող արտադրանքի որակին, ապահովեք հետագծելիությունը. շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող», - հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Տնտեսավարողները շնորհակալություն են հայտնել հանդիպման և իրենց խնդիրները ներկայացնելու հնարավորության համար, նաև հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենց բեռներից շատերն արդեն անարգել անցել են Լարսի սահմանակետը: