ԵԱԶԲ-ը մտադիր է մասնակցել հայաստանյան մի շարք խոշոր նախագծերի կայացմանը

ԵԱԶԲ-ը մտադիր է մասնակցել հայաստանյան մի շարք խոշոր նախագծերի կայացմանը

Եվրասիական զարգացման բանկը ուսումնասիրում է հայաստանյան մի քանի խոշոր նախագծերում իր մասնակցությունը։ Այս մասին Ալմաթիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը։

«Հաջորդ տարվա համար ՀԿԵ-ի հետ դիտարկում ենք Գյումրու տրանսպորտալոգիստիկ կենտրոնը, «Աջափնյակ» մետրոյի շինարարությունն էլ` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։ Սա կարևոր նախագիծ է քաղաքի համար, սակայն լուրջ աշխատանք է պահանջում նախագծային փաստաթղթերը նախապատրաստելը, ինչի համար ևս պատրաստ ենք դրամաշնորհային միջոցներ հատկացնել և այժմ քաղաքապետարանի հետ ակտիվ քննարկում ենք դա», - նշել է Իլյինը։

Բացի այդ, բանկը դիտարկում է հետագայում բժշկական ենթակառուցվածքների զարգացման նախագծեր իրագործել, մասնավորապես՝ հոսպիտալի զարգացման։ Մեկ այլ նշանակալի նախագիծ է «Ռենշին» ընկերության կողմից Երևանի կենտրոնում համաշխարհային առևտրային համալիր կենտրոնի կառուցումը։

«Կարծում եմ` սա մեգանախագիծ է քաղաքի համար։ Մեր մասնակցությունը նախագծի համար ևս կարևոր է», - նշել է Իլյինը։

Ավելի վաղ ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել էր, որ ԵԱԶԲ-ն նախատեսում է անդամ երկրներում 2024 թվականին շուրջ 2,3 մլրդ դոլարի առնվազն 30 նախագիծ ֆինանսավորել։

Աղբյուրը՝   armeniasputnik.am