ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կհեշտանա. համաձայնագիրը հավանության արժանացավ

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կհեշտանա. համաձայնագիրը հավանության արժանացավ

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կհեշտանա։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Նշվում է, որ համաձայնագրի կնքման համար հիմք է հանդիսացել 2019 թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները։

«Համաձայնագրի մշակման նպատակով անցկացվել է բանակցությունների վեց փուլ, ինչպես նաև գործընկերների հետ լրացուցիչ խորհրդակցությունների շարք», – նշված է որոշման հիմնավորման մեջ:

Համաձայնագրով կապահովվի տնտեսական համագործակցության լայն շրջանակ` իրավական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը և այլն:

Մասնավորապես, գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։

Ինչ վերաբերում է արդյունաբերական ապրանքներին, ապա հայկական կողմից ներկայացված են հանքային հումքը (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրերը, պղնձի անոդները, գոլորշու գեներատորները, էլեկտրոնային ծխախոտը, թերմոստատները և այլն:

Դեպի իրանական շուկա կազատականացվեն նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների, ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար մաքսատուրքերը։

Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:

Աղբյուրը՝   armeniasputnik.am