Հաստատվել է Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը

Հաստատվել է Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ։ Ավագանու տարեվերջյան նիստը վարել է  Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Օրակարգի հարցերի հաստատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, բյուջեի, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը ներկայացրել է  Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի, համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի 2024 թվականի համար աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2024 թվականի թվաքանակների, հաստիքացուցակների, կառուցվածքների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման,  2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող բնակչության որոշակի խմբերի համար արտոնություններ սահմանելու, համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը հաստատելու մասին հարցերը։

«Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» հարցը ավագանու քվեարկությանը ներկայացրել է Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը։

«Գավառի թիվ 5 մանկապարտեզ», «Գավառի թիվ 8 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները «Գավառի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Գավառի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու և նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու, Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների շաբաթվա աշխատանքային օրերը և օրական ժամային ռեժիմը սահմանելու մասին հարցերը ներկայացրել է  աշխատակազմի առաջատար մասնագետ Հասմիկ Եսայանը։

Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Նորայր Մուխսյանը ներկայացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները, իրենց սպասարկող հողամասերով, ուղղակի վաճառքի միջոցով և աճուրդային կարգով օտարելու,  ինչպես նաև՝ «Գավառ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին» հարցերը։

«Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» հարցը ներկայացրել է Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը։

Երիտասարդ կամավոր Էլեն Ավանեսովան զեկուցել է «Գավառ համայնքի երիտասարդական ոլորտի զարգացման 2024 թվականի գործողության պլանը հաստատելու մասին» հարցը։

«Սարուխանի Հենրիկ Աբրահամյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի լուծարման գործընթացը դադարեցնելու, գործունեությունը վերսկսելու  և նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին» հարցը ներկայացրել է  իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Ավետիք Ղազանչյանը։ ֆինանսատնտեսագիտական, բյուջեի, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սոս Բոշաշյանը ներկայացրել է «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» հարցը։

Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քվեարկությամբ հաստատվել են։

Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նիստը կհրավիրվի արդեն 2024 թվականի  փետրվարի 13-ին։