Դարանակ գյուղի տարածքում տեղադրվել և գործում է գազային հակակարկտային կայան

Դարանակ գյուղի տարածքում տեղադրվել և գործում է գազային հակակարկտային կայան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Դարանակ գյուղի վարչական տարածքում  «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղադրվել և գործում է գազային հակակարկտային կայան։

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից՝  ծրագիրն իրականացվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

«Դարանակում, ինչպես նաև նրան շրջակա բնակավայրերում հաճախակի են տեղի ունենում կարկտահարություններ, որոնց արդյունքում վնասվում են հացահատիկի, բանջարբոստանային մշակաբույսերի ցանքերը, այգիները։ Տեղադրված կայանը տարածքի վարելահողերը կարկտահարությունից պաշտպանում է 500 մետր շառավղով, որը հավասար է 100 հեկտարի։ Հուսանք, որ եկող տարվանից արդեն կայանի գործարկման շնորհիվ գյուղացիական տնտեսությունների բերքը պաշտպանված կլինի կարկտահարությունից, որով էլ կարևորվում է ծրագրի իրականացումը»,-նշեց Վարդենիս համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Եղիազարյանը։

«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։