ԵԱԶԲ-ը բարելավել է 2023թ. Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ մինչև 8,3%, իսկ 2024թ.՝ մինչեւ 5,7%

ԵԱԶԲ-ը բարելավել է 2023թ. Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ մինչև 8,3%, իսկ 2024թ.՝ մինչեւ 5,7%

Հայաստանի տնտեսությունը երկրորդ տարին անընդմեջ տնտեսական աճի տեմպերով առաջատար կլինի տարածաշրջանի երկրների շրջանում։ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գնահատականներով՝ երկրի ՀՆԱ աճը 2023 թվականի արդյունքներով կկազմի 8,3 տոկոս (նախկինում կանխատեսված 7,5 տոկոսի դիմաց)։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին Ալմաթիում հաղորդել է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքների տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը՝  ներկայացնելով 2024-2026 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը։

Նրա խոսքով, երկիր մուտք գործող դրամական փոխանցումների ծավալների զգալի աճը և զբոսաշրջային բարձր ակտիվությունը ապահովել են սպառողական պահանջարկի ուժեղ դինամիկա ծառայությունների և առևտրի ոլորտում: ՀՆԱ-ին աջակցել է նաև ներդրումների և շինարարության ծավալների զգալի աճը։

<2024 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավվել է մինչև 5,7% (նախկին գրեթե 5% - ից)՝ Ռուսաստանից դրամական մուտքերի և ուժեղ ներքին պահանջարկի կանխատեսման բարելավման ֆոնին: Բյուջետային քաղաքականությունը և Ամուլսարի հանքավայրում աշխատանքների վերսկսումը ևս կաջակցեն տնտեսական աճին։ 2025 - 2026թթ. Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսվում է տարեկան մոտ 5%-ի սահմաններում", - նշել է Կուզնեցովը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի վերջին բանկը Հայաստանում կանխատեսում է գրեթե 3,6% գնաճ ՝ 2023 թվականի 0,3% - ի դիմաց։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանն արձանագրել է, որ գների աճը կարող է փոքր-ինչ ցածր լինել երկրի Կենտրոնական բանկի թիրախային ուղենիշից (4%) 2024 թվականի առաջին կիսամյակում ՝ ապրանքների և հումքի վրա համաշխարհային գների ապագնաճային ազդեցության և գնաճային սպասումների նվազման հաշվին։ Խթանիչ հարկաբյուջետային քաղաքականության ֆոնին՝ ներքին պահանջարկի աճը նախադրյալներ կձևավորի գնաճի հետագա առաջխաղացման համար՝ դեպի թիրախային շեմ։

<Մենք ակնկալում ենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազի մինչև տարեկան 8%՝ 2024 թվականի վերջին: Գնաճի ցածր մակարդակը և տնտեսական աճի աստիճանական դանդաղումը պայմաններ են ձևավորում 2024 թվականի առաջին կիսամյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը շարունակելու համար: Միջնաժամկետ հեռանկարում ակնկալում ենք գնաճի ելք իր նպատակային նշաձողին և տնտեսական աճի կայունացում։ Սա պայմաններ կստեղծի 2025-2026 թվականներին վերաֆինանսավորման տոկոսադրույքը մոտ 8% մակարդակի վրա պահելու համար", - ավելացրել է Կուզնեցովը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ դրամի փոխարժեքը 2024 թվականին կանխատեսվում է միջինը 414 դրամ մեկ դոլարի դիմաց։ Ներքին բարձր պահանջարկի պատճառով ներմուծման ուժեղ դինամիկայի պայմաններում արտահանման աճի տեմպերի նվազումը կդառնա ազգային արժույթի սահուն թուլացման գործոններ։ <2023 թվականի արդյունքներով ակնկալում ենք ԵԱԶԲ-ի գործառնությունների տարածաշրջանի ՀՆԱ-ի ավելի քան 3% աճ։ Չնայած բարդ արտաքին ֆոնին՝ 2023թ. տարածաշրջանը ցույց է տալիս վստահ վերականգնողական աճ (ավելի քան 3%) ՝ վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշը ՝ բացառելով հետհամավարակային շրջանը>, - շարունակել է ԵԱԶԲ վերլուծաբանը։

Կուզնեցովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աճի հիմքն ապահովել են ներքին դրայվերները. սպառողական և ներդրումային պահանջարկ, ինչպես նաև արտադրության հարմարեցում գործունեության փոփոխված պայմաններին: Մի շարք երկրներում լրացուցիչ նշանակալի աջակցություն է ցուցաբերում բյուջետային քաղաքականությունը։

ԵԱԶԲ վերլուծաբանները նաև նշում են, որ 2024 թվականին տարածաշրջանի տնտեսության աճը կանխատեսվում է 2%-ի մակարդակում: Տարածաշրջանում կդիտվի տարբեր ուղղվածության դինամիկա. Ղազախստանում գործարար ակտիվության աճը կշարունակի արագանալ և 2024 թվականին կկազմի 5 տոկոս, իսկ մյուս մասնակից երկրներում աճի որոշակի դանդաղում կդիտվի։

ԵԱԶԲ-ի գործողությունների տարածաշրջանում գնաճը 2024 թվականին կդանդաղի մինչև 5,8 տոկոս՝ 2023 թվականի 7,8 տոկոսից։ 2023 թվականի երկրորդ կեսին տարածաշրջանի մի շարք երկրներում գնային ճնշում է ձևավորվել աշխատաշուկայի գերտաքացման և լայնածավալ տնտեսական խթանների պատճառով։

Բարձր տոկոսադրույքները 2024 թվականին կհանգեցնեն Ռուսաստանում գնաճի դանդաղման՝ մինչև 5,4%, Ղազախստանում և Ղրղզստանում, համապատասխանաբար՝ մինչև 7,1% և 7,8%: Հայաստանում, Բելառուսում և Տաջիկստանում, ընդհակառակը, սպասվում է գնաճի բարձրացում, համապատասխանաբար՝ մինչև 3,6%, 8% և 6,6%:

Մարիաննա Մկրտչյան

Արմինֆո