Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել. ցանկում նաև հայաստանյան ընկերություն կա

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել. ցանկում նաև հայաստանյան ընկերություն կա
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից, Ուզբեկստանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարարությունը։
Դեկտեմբերի 22-ից արտահանման արգելք կգործի ռուսական հետևյալ ընկերությունների նկատմամբ` Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարան, Բրյանսկի ավտոմոբիլային գործարան, «Բուրևեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ, Հատուկ կոնստրուկտորական բյուրո, Կազանի վառոդի գործարան, Քիմիայի և մեխանիկայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ, Ռոստովի ռադիոկապի գիտահետազոտական ինստիտուտ, 150-րդ ավիացիոն վերանորոգման գործարան, 810-րդ ավիացիոն վերանորոգման գործարան և այլն։
Արտահանման արգելքի տակ հայտնվածների ցանկում ընդհանուր առմամբ ռուսաստանյան 494 ընկերություն եւ կազմակերպություն կա։
Բացի այդ, ցուցակում են հայտնվել «Տակո» ընկերությունը (Հայաստան), I JET GLOBAL DMCC-ն և Success Aviation Services FZC-ն (ԱՄԷ), I Jet GLOBAL DMCC-ն (Սիրիա), Alpha Beta Creative Industries LLC-ն և GFK Logistic Asia LLC-ն (Ուզբեկստան): Այս ընկերությունների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 27-ից։
Հիշեցնենք` «Տակո» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ–ն։
Հայաստանի պետռեգիստրի տվյալներով` այս ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2022 թվականի ապրիլի 5-ին ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեևի կողմից։ Ընկերությունը զբաղվում է չինական ռադիոէլեկտրոնիկայի ներմուծմամբ և վերարտահանմամբ Ռուսաստան։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am