Պետական միջոցներով ջեռուցման համակարգեր են կառուցվում Վարդենիսի բժշկական կենտրոնի և Վարսերի միջնակարգ դպրոցի շենքերում

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել 75 միլիոն 95 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող երեք ծրագրերի համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից՝ վերոնշյալ 75 միլիոն դրամից 10 միլիոն 587,5 հազարը հատկացվել է Վարդենիսի բժշկական կենտրոնի ջեռուցման համակարգի անցկացման համար։ Ծրագրի իրականացման արդյունքում կենտրոնացված համակարգով կջեռուցվեն Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի առաջին և երրորդ հարկերը, որտեղ գործում են ընդունարանը, մանկաբարձագինեկոլոգիական և վիրաբուժական բաժանմունքները։ Տեղադրվելու է բնական գազով աշխատող 4 կաթսա, 900 մարտկոց, կենտրոնացված ջեռուցմամբ ապահովվելու է շուրջ 900 քառակուսի մետր մակերես՝ բաժանմունքներում, հիվանդասենյակներում և միջանցքներում։
Բաժանմունքները նախկինում ջեռուցվում էին էլեկտրական սալիկներով։
Եվս 27 միլիոն 837,3 հազար դրամ հատկացվում է Սևան համայնքի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման համար։
Ծրագրի շրջանակներում դպրոցի երկու մասնաշենքերում տեղադրվում է բնական գազով աշխատող ջեռուցման 5 կաթսա, շուրջ 1900 մարտկոց , որով կենտրոնացված ջեռուցում կապահովվի միջանցքներում և բոլոր դասասենյակներում՝ շուրջ 2070 քառակուսի մետր մակերեսով։
Նախկինում Վարսերի դպրոցի ուսումնական հատվածում դասասենյակները ջեռուցվում էին գազի վառարաններով, միջանցքները չէին ջեռուցվում։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է թե՛ Վարդենիսի ԲԿ-ում, թե՛ Վարսերի միջնակարգ դպրոցում։
«Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից նախօրոք պատվիրվել են նախագծերը, հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ, աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։ Մեր կողմից իրականացվում է վերահսկողություն՝ շինարարական աշխատանքները որակով ու սահմանված ժամկետներում իրականացնելու և ավարտին հասցնելու համար։ Մնացած գումարներն ուղղվել են Գավառ քաղաքի բազմաբնակարան այն շենքերի տանիքների վերականգնմանը, որոնք վնասվել էին այս տարվա նոյեմբերի վերջերին գրանցված ուժեղ քամիներից»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան