Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը  շրջայց է կատարել Արարատ համայնքում
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել Արարատ համայնքում։
Մարզի ղեկավարը եղել է Արարատ և սահմանամերձ Երասխ բնակավայրերում, ուր Կառավարության 2023-2024 թ թ․ սուբվենցիոն ծրագրերով կառուցվում են մարզադպրոցներ։
 Վերոնշյալ բնակավայրերում մարզադպրոցներ երբեք չեն գործել, երեխաները հաճախել են մեծ քաղաքներում գործող դպրոցներ։
 Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 527 միլիոն ՀՀ դրամ, որից 15%-ը համայնքի մասնաբաժինն է, 65%-ը հատկացնում է Կառավարությունը, 20%-ը՝ այլ ներդրողները։
 Մարզադպրոցների կառուցումը նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ տարի, որի արդյունքում տվյալ բնակավայրի, ինչպես նաև հարակից վարչական շրջանների հարյուրավոր երեխաներ հնարավորություն կունենան մարզվել ամբողջովին նոր ու ժամանակակից մարզադպրոցներում, ինչպես նաև կստեղծվի տասնյակից ավել աշխատատեղ։
 Երասխում Կառավարության աջակցությամբ ասֆալտապատվել է նաև Վազգեն Սարգսյան փողոցը՝ ընդհանուր 280 գծամետր երկարությամբ, արդեն հաջորդ տարվանից տեղի բնակիչները կունենան նաև բնական գազ։
 Մարզպետ Սեդրակ Թևոնյանի հաջորդ կանգառը եղել է Ավշար բնակավայրում, որտեղ այս տարի համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են կյանքի կոչվում։
 Սեդրակ Թևոնյանը շրջել է կառուցվող մանկապարտեզի տարածքում, հետևել իրականացվող աշխատանքներին, արձանագրել առկա թերություններն ու հորդորել հնարավորինս կարճ ժամկետներում վերացնել դրանք և սահմանված կարգով նախակրթարանը հանձնել շահագործման։
 Կառուցվող մանկապարտեզն Ավշարում առաջինն է, ծրագրի արժեքը կազմում է շուրջ 246 միլիոն 735 հազար ՀՀ դրամ՝ պետություն–համայնք 70%-30% համաֆինանսավորմամբ։  Մանկապարտեզի համար այս տարվա սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել նաև գույք։
 Կրկին 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Ավշարում ասֆալտապատվել են փողոցներ՝ ընդհանուր շուրջ 1380 գծամետր երկարությամբ, գազաֆիկացվում է 5600 գծամետր երկարությամբ տարածք, կառուցվում է 7326 մետր երկարությամբ խմելու ջրագիծ, լուսավորվել են ներհամայնքային փողոցները։