Քերոբյանն ասել է` երբ կարող է սկսվել Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը

Քերոբյանն ասել է` երբ կարող է սկսվել Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը
Գյումրիում «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024 թվականի երկրորդ կեսին։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը պարզաբանել է, որ գրեթե ավարտվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը:
 
«Եթե նախագծի վերջնական հաստատումը ստանանք ներդրումային կոմիտեի կողմից, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսվի շինարարական աշխատանքների փուլը»,- ասաց Քերոբյանը:
 
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
 
Նախնական գնահատումների համաձայն` նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կտևի մինչև 12 ամիս։ Նախագիծն ամենայն հավանականությամբ իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով։ Մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարի։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am