ՀՀ-ն նախապատրաստում է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ առնելու հայտ

ՀՀ-ն նախապատրաստում է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ առնելու հայտ

Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։ Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայտը պատրաստելու համար միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտադիմումը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ․) կոմիտեի 18-րդ նիստում:

ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ քննարկումներից հետո «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտադիմումը պատրաստել և ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ։ Հայտադիմումն անցել է Կոնվենցիայի տարբեր մակարդակներով, հաստատվել քարտուղարության կողմից, որից հետո ներառվել է Կոմիտեի դեկտեմբերյան նիստի օրակարգում։ Կոմիտեի եզրափակիչ նիստին հայտադիմումը ներկայացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։

Ըստ հաղորդագրության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է 55 հազար ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» հովանու ներքո առնելու հայտը։ Ծրագրի տևողությունը 15 ամիս է։

«Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը 1995 թ․ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հաստատված դրամաշնորհը միաժամանակ կստեղծի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ հուշարձանախումբը հիմնական ցանկ տանելու ուղղությամբ, որը ևս առաջիկա ծրագրերում է։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ 2023 թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին: