Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց Կայուն զարգացման զեկույցը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը  ներկայացրեց Կայուն զարգացման զեկույցը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դեկտեմբերի 19-ին կազմակերպել էր «Հանքարդյունաբերության կայուն զարգացման մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով աշխատաժողով, որի ժամանակ ներկայացրեց նաեւ իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը և TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի) ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը։ Այն պատրաստվել է «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համատեղ: Աշխատաժողովին մասնակցում էին հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հյուրեր դեսպանատներից եւ միջազգային կառույցներից։ 

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր խոսում ասաց, որ արդեն երկրորդ տարին է՝ հրապարակում են Կայուն զարգացման զեկույց։ «Մենք ձգտում ենք ապահովել ընկերության համապատասխանությունը կայուն զարգացման ստանդարտներին: Այս տարի առանձնահատուկ հպարտ եմ, որ մենք ոչ միայն կայուն զարգացման վերաբերյալ զեկույց ենք հրապարակում, այլեւ արդյունաբերության ոլորտում TCFD ուղեցույցով առաջին հետազոտությունն ենք իրականացրել, որը կապված է կլիմայի փոփոխության հետ։ Մենք մտադիր ենք դառնալ առաջատար լեռնահանքային ընկերություններից մեկն աշխարհում, որը կապացուցի, որ արդեն այժմ հնարավոր է համատեղել կայուն զարգացումը եւ լեռնահանքային արդյունաբերությունը», - ասաց նա։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ կայուն զարգացմումը դարձել է մոդայիկ խոսք, բայց առանց դրա դժվար է պատկերացնել մեր տնտեսության զարգացումը։ «Եթե կարճ ասեմ՝ կայուն զարգացումն ինձ համար պատասխանատու գործելաոճն է, որը նշանակում է, որ մենք աշխատում ենք այսօր՝ առանց վնասելու վաղվա հնարավորությունները։ Շատ ուրախալի է, որ հիմա ընկերություններն իրենք են ավելի նախաձեռնող եւ իրենք են իրենց համար ստանդարտներ սահմանում՝ թե շրջակա միջավայրի պաշտպանության առումով, թե ազդակիր համայնքների հետ աշխատանքի, թե սոցիալական պատասխանատվության առումով։ Լինելով Հայաստանի խոշորագույն հարկատու եւ մեր տնտեսության հենասյուներից մեկը՝ նման գործելաոճով ԶՊՄԿ-ն իր հետեւից նաեւ նոր չափանիշ ու ստանդարտ է բերում»,- ասաց Թունյանը։

ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ հանքարդյունաբերությունը մեծ ոլորտ է, եւ տարբեր շահագրգիռ կողմեր՝ համայնք, պետություն, բիզնես պարտնյորներ, տարբեր ակնկալիքներ ունեն։ Եվ հաշվետվողականության նման թափանցիկ ձեւաչափը միտված է նաեւ այդ տարբեր շահագրգիռ կողմերին հետաքրքրող հարցերին պատասխանելուն հանրային հարթակում, որտեղ մենք բաց խոսում ենք թե ձեռքբերումների, թե բացթողումների մասին: «Սա պարտադրանք չէ, կազմակերպությունն է իր ստանձնած պարտավորության հետեւից գնում եւ հանրային հաշվետվողականության տարբեր հարթակներ փնտրում։ Եվ սա ամենաճանաչված ու ամենաընդունելին է մեր ոլորտում, եւ ոչ միայն մեր ոլորտում»,- ասաց նա։ Արմեն Ստեփանյանը նշեց, որ սա երկրորդ զեկույցն է, բայց առաջինն է, որը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Ստեփանյանն ասաց, որ TCFD ուղեցույցով հետազոտություն իրականացնելու պատճառները շատ հասկանալի են։ «Դա մեր ստանձնած պարտավորությունն է՝ միջազգային ստանդարտներին համահունչ քայլեր անելու, եւ սա առաջին քայլերից մեկն է։ Սա զուտ բիզնես որոշում է եղել, որ լինենք նախահարձակ նման ստանդարտներ կիրառելիս, չսպասենք, որ ինչ-որ մեկը պահանջի, մենք մեզանով առաջին քայլն անենք։ Աշխարհի փորձը թելադրում է ունենալ լավագույն հաշվետվողականություն, եւ մենք դրա հետեւից գնում ենք։ Դեռ չենք հասել մեր նպատակին, կան մի քանի այլ հարթակներ, որտեղ քայլ առ քայլ հասնելու ենք», - ասաց նա։ Ստեփանյանի խոսքով՝ հետազոտության շրջանակներում բացահայտվել են խնդիրները։ «Աշխատանքային անվտանգությունը ինձ համար դեռեւս մնում է այն դաշտը, որտեղ ամենաշատ աշխատանքը պետք է կատարել։ Չնայած մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին 5 տարվա մեջ, բայց աշխատանքային անվտանգության մշակույթ ձեւավորելու տեսանկյունից մենք շատ երկար ճանապարհ պետք է անցնենք։ Դա այն հարթակն է, որտեղ մենք՝ որպես ղեկավար, կոմպրոմիս չունենք։ Այստեղ բանակցության հարթակ չկա, այսինքն՝ խախտվում է աշխատանքային անվտանգության կանոնը, դա ունենում է իր հետեւանքները՝ մարդու առողջության ու կյանքի հետ կապված հարց է», - ասաց նա։ Արմեն Ստեփանյանի խոսքով՝ բնապահպանական հարցերը լուծվում են, օդի աղտոտվածության կառավարման ոլորտում բարելավման աշխատանքներ են իրականացվում։ Դա ամենօրյա ու շարունակական աշխատանք է։

Անդրադառնալով բնապահպանների կողմից պարբերաբար հնչող ահազանգերին, որ հանքարդյունաբերությունը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, որ Քաջարանում դրա հետեւանքով նաեւ մարդկանց մոտ առողջական լուրջ խնդիրներ կան, Ստեփանյանն ասաց․ «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Քաջարանում ծնվում են բացարձակ առողջ բալիկներ։ Պետք չէ վախեցնել հանրությանը գոյություն չունեցող վախերով՝ հիվանդություն, քաղցկեղ եւ այլն։ Երբ նման հարցեր են բարձրացնում, շեղում են իրական խնդիրներից, որոնք շատ են եւ մեծ ներդրումներ են պահանջում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ճիշտ հակառակը, Սյունիքի մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առողջապահական ցուցանիշներով, լավ իմաստով։ Ինչքան կրթված լինի հասարակությունը հանքարդյունաբերության տեսանկյունից, այնքան դժվար է իրենց վախերով մանիպուլացնել։ Հենց դա է թիրախը, որտեղ մեծ աշխատանք պետք է իրականացնել»։

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժինը տնտեսության մեծ մեծացնելու մասին հարցին, ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենն ասաց, որ պետք է ներգրավել միջազգային կապիտալ՝ նոր հանքավայրեր գտնելու ու շահագործելու համար։ «Պետք չէ վախենալ, ընդհակառակը, նոր փորձ բերելով՝ դուք հին հարցերը լուծում եք։ Նոր միջազգային չափանիշներով շահագործվող հանքավայրերը խնդիրի լուծում են, ոչ թե խնդիր։ Միջազգային կապիտալը բերելով Հայաստան՝ հանքարդյունաբերական նոր մշակույթ է Հայաստան», - նշեց նա։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԶՊՄԿ կողմից վճարված հարկերը 2022 թվականին աննախադեպ աճ են գրանցել, եւ այդ տենդենցը շարունակվում է նաեւ 2023 թվականին։ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը ԶՊՄԿ-ից դեռ չի ստացել պետության մասնաբաժինը․ «Մոտ օրերս ֆինանսների նախարարությունից պետք է ստանանք այդ եզրակացությունը, այս պահին դեռ չեմ ուզում թիվ բարձրաձայնել, բայց բավական շոշափելի գումար է։ Կարծում եմ՝ բոլորդ այդ թիվը լսելիս բավական լավ կզգաք, որովհետեւ կառավարությունն այս տարիների ընթացքում առաջին անգամ ուղիղ դիվիդենտ կստանա հանքարդյունաբերական կազմակերպությունից»։

Անդրադառնալով ոլորտի վերաբերյալ մտահոգություններին՝ փոխնախարարն ասաց․ «Մենք ոլորտում ներդնում ենք նոր ստանդարտներ՝ թե բնապահպանական, թե առողջապահական ու սոցիալական։ Հայաստանը բավական բարձր դիրք է գրավում՝ թափանցիկ եւ հաշվետու հանքարդյունաբերության ոլորտ ունենալով։ Եվ մենք շարունակաբար այդ ստանդարտներն ավելի ենք խստացնում, ընդունեցինք նաեւ ռազմավարություն, որտեղ ամենակարեւոր շեշտադրումները բնապահպանական, սոցիալական ու առողջապահական հարցերին են ուղղված։ Եվ այդ ստանդարտների ներդրումը արդեն պատասխան է բոլոր տեսակի հարցադրումներին»։

ԶՊՄԿ-ն թիրախ է սահմանել 40 տոկոսով նվազեցնել վնասակար նյութերի արտանետումները
Արմեն Ստեփանյանն աշխատաժողովի ժամանակ անդրադարձավ նաեւ վնասակար նյութերի արտանետումները նվազեցնելու հարցին։ «Խոսք է գնում 2030 թվականի մասին, ինչը պետք է համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած պարտավորություններին, այն է՝ 1991 թվականի համեմատ մինչեւ 2030 թվականը մոտ 40 տոկոս վնասակար նյութերի արտանետումների նվազեցում։ Եվ լրիվ զրոյի հասցնելը դա ավելի լուրջ պարտավորություն է, ավելի լուրջ հետազոտություններ է պետք է իրականացնել։ Դա անխուսափելի է, մենք՝ որպես առաջին հարկատու, պարտավոր ենք այդ պատասխանատվությունը ստանձնել։ Դա չի կարող լինել ավելի ուշ, քան 2040 կամ 2050 թվականը, երբ ամբողջ աշխարհն է պարտավորվում։ Որքան դրանից շուտ անենք, այնքան մեր պատիվն է»,- ասաց նա։ Ստեփանյանը նաեւ հավելեց, որ ձեռնարկում են քայլեր՝ ուղղված ջրի խնայողությանը։ Ըստ նրա՝ սուր բնապահպանական խնդիրներից մեկը ջրի խորացող դեֆիցիտն է, որը պայմանավորված է կլիմայական փոփոխությունների հետեւանքով։

«Ինչպիսի՞ հանքարդյունաբերություն ենք մենք ուզում, որովհետեւ հանքաքարն ուղղակի ընդերքից հանել, մշակել ու թողնել խնդիրներ հետագա սերունդներին, դա անպատասխանատու գործելաոճ է։ Մենք կարող ենք կրկնապատկել մեր արդյունահանումը, եռապատկել, բայց եթե էթիկայի կոմպոնենտը չկիրառենք, այդ դեպքում արդյունք չի լինի։ Այսինքն՝ եթե ուզում ենք աշխարհին համահունչ քայլել, այդ երկուսի համադրումը շատ կարեւոր է», - նշեց նա։

Միջոցառման ավարտին Տնտեսական լրագրողների ակումբը և Հանքագործների և մետալուրգներ միությունը ամփոփեցին հանքարդյունաբերության ոլորտի տարվա լավագույն հրապարակումների մրցույթի արդյունքները՝ պարգևատրելով լավագույն հրապարակումների և տեսանյութերի հեղինակներին։