Գեղհովիտ գյուղում եկող տարվանից ոռոգման հողատեսքերն ավելանում են 54 հեկտարով

Գեղհովիտ գյուղում եկող տարվանից ոռոգման հողատեսքերն ավելանում են 54 հեկտարով

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի  1-ին, 6 եւ 9-րդ փողոցներում ավարտվել է ոռոգման ջրատարի կառուցումը ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 916 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 2307 մետր երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ջրատարի կառուցում, ինչի արդյունքում Գեղհովիտում ոռոգվող հողատեսքերը 2024 թվականից ավելանում են  54 հեկտարով, ոռոգման ջուրը տնտեսություններին մատակարարվելու է ժամանակին եւ անկորուստ։ Ծրագրի շահառու են համարվում 400 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի հուլիսից եւ նույն տարվա դեկտեմբերի 20-ի դրությամբ համարվում է ավարտված։

«Գեղհովիտի տնտեսությունների համար չափազանց կարեւոր ծրագիր իրականացվեց։ Բավական է ասել, որ «Չայիրներ» կոչվող թաղամասում ջրատարը 1 կիլոմետր երկարությամբ կառուցվեց ձեռքով, առանց տեխնիկայի օգնության, քանի որ հին, հողե հուն ունեցող առվի ափերով մեկ տասնամյակներ շարունակ շինություններ են կառուցվել, դրա համար էլ անհնար էր տեխնիկայի մուտքը։ Շինարարները պարզապես մեծ ջանքեր գործադրեցին, մինչեւ որ կարողացան ձեռքով տեղափոխել ու մոնտաժել մետաղական կիսախողովակները։ Հենց այդ 1 կիլոմետրանոց հատվածում էին առաջանում մատակարարվող ոռոգման ջրի կորուստները՝ հեղեղելով ու վնասելով մոտակա շինությունները, հողամասերը։ Այսուհետ այդ խնդիրը հիմնովին կարգավորված է»,-հավաստեց Գեղհովիտի վարչական ղեկավար Ահարոն Խաչատրյանը։