Կառավարությունը շարունակում է կրթության և մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովումը

Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել է վերաբաշխում՝ 510,592 հազար դրամ ուղղելով մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարմանը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավմանը: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 804,641.9 հազար դրամն էլ, նախատեսվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ գործընթացն առաջնային և կարևոր խնդիրներից է կրթության և մշակույթի ոլորտներում պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար: Ըստ նախարարի՝ որոշմամբ հատկացվող գումարների շրջանակում կլուծվեն մի շարք հրատապ խնդիրներ՝ կապված ջեռուցման, տանիքի, սանհանգույցներ և այլնի հետ, և որոնց լուծման համար արդեն ապահովվել են բոլոր նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթերը։ Շինարարական աշխատանքների մասով ծախսը կկազմի 322.2 մլն դրամ, որը կվերաբերի 2 կրթական և 9 մշակութային հաստատությունների: Գույքային հագեցվածության նպատակով 3 կրթական և 4 մշակութային հաստատությունների կտրամադրվի 188.4մլն դրամ:
Գումար կտրամադրվի, մասնավորապես, հետևյալ շինարարական աշխատանքների համար՝ Երևանի հ․9 արհեստագործական պետական ուսումնարանի գազիֆիկացում, Ե. Չարենցի տուն-թանգարանի ջեռուցման համակարգի նորոգում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի սանհանգույցների նորոգում, Ռուսական արվեստի թանգարանի մուտքի դռան, պատուհանների փոխարինում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի շենքի նախամուտքի նորոգում, Հայաստանի ազգային պատկերասրահի «Զաքար Խաչատրյան և Արտաշես Հովսեփյան տուն-թանգարան» մասնաճյուղի շենքի ցանկապատում և տարածքի բարեկարգում, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում, Հայաստանի ազգային գրադարանի սանհանգույցների նորոգում, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տանիքի մասնակի նորոգում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի հիմնանորոգման ծավալների ավելացում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տանիքի, հուշ–տնակի նորոգում, տարածքի բարեկարգում: Գույքով կապահովվեն հետևյալ հաստատությունները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տեսահսկման համակարգ, Սյունիքի մարզային գրադարանի ազդանշանային համակարգ, Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբի բեմի համար ձայնային և լուսային սարքավորումներ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աթոռներ, Երևանի թիվ 109 ավագ դպրոցի հաշվապահություն համակարգչային ծրագիր, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի աշակերտական գույք, մասնագիտական և համակարգչային տեխնիկա և գործիքներ, գ. Որոտանի միջնակարգ դպրոցի համար միկրոավտոբուսի ձեռքբերում:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում ծրագրի շրջանակում վարչապետն անդրադարձել է Արտաշատ մայրաքաղաքի պահպանված հատվածի հետ կապված խնդրին: «Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված հատվածը կամ տեսանելի, երևացող հատվածը գտնվում է փշալարերից այն կողմ: Ամիսներ առաջ այցելեցի, և նաև ինձ համար հարց էր՝ ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները, օտարերկրյա զբոսաշրջիկները, դպրոցների աշակերտները պիտի հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին: Մենք հիմա այն տարածքները, որտեղ մեր երեխաներին տանում ենք էքսկուրսիա՝ որպես Արտաշատ պատմական մայրաքաղաք, այնտեղ ոչ մի բան չկա՝ սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է, 7 բլուրներից մեկն է: Բայց փշալարերից այն կողմ, նյութերը ես ինքս նկարահանել եմ, շատ պահպանված շինություններ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է, որ վերջերս հանձնարարական է տվել ԱԱԾ-ին, ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի տարածքի առումով հասանելիությունն ապահովվի. «Բարեբախտաբար, ահագին բան պահպանված է և տպավորիչ է, և հիմա մենք պետք է հնարավորինս արագ այդ խնդիրը լուծենք»: