Վարչապետին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Զեկույցներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալները:

Նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելի կլինի 47 տոկոսով, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ծրագրերի իրականացմամբ: Հատկացումները կհասնեն 90,8 մլրդ դրամի: Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարվա համար ակնկալվում է 8,3-8,5 տոկոս տնտեսական աճ: Զեկուցվել է, որ նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել է 17,5 տոկոսով, ակնկալվում է, որ արտադրողականության ծավալը կհասնի 9,6 տոկոսի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը բարելավում է դիրքերը: Եթե 2017 թվականին մեր երկիրն աշխարհի պետությունների թվում գտնվել է 122-րդ տեղում, 2020-ին՝ 112-րդ, ապա 2023-ին, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, Հայաստանը կլինի 86-րդ հորիզոնականում:

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Հայաստանում ստեղծվել է մոտ 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 տոկոսից նվազել է 24,8 տոկոսի: Նախարարը հավելել է, որ գործազրկության մակարդակը երկրորդ կիսամյակի տվյալներով կազմել է 11,7 տոկոս և հիշեցրել, որ կառավարության թիրախը գործազրկության մակարդակը 10 տոկոսից նվազեցնելն է: Ակնկալվում է, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 110 տոկոս, ինչը, նախարարի խոսքով, ռեկորդային ցուցանիշ է: Ակնկալվում է 2023 թվականն ավարտել արտահանում-ՀՆԱ հարաբերակցության 54,5 տոկոս ցուցանիշով. կառավարության թիրախը կազմում է 60 տոկոս:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության թիրախը պետք է շարունակի մնալ տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճը: «Բացի կորոնավիրուսի և պատերազմի տարվանից՝ մենք գլոբալ առումով տնտեսական աճի խնդիր չենք ունեցել: 2019 թվականին ունեցել ենք շատ մեծ տնտեսական աճ, 2021-ին, երբ ներքաղաքական ճգնաժամ էր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, արտաքին անվտանգային խնդիրներ կային՝ կրկին 5 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել: 2022-ին ապահովել ենք 12 տոկոս տնտեսական աճ, 2023-ին կապահովենք 7 տոկոսից ավելի տնտեսական աճ: Այս տոկոսներն այդ ամեն ինչի պայմաններում:

Ամենակարևոր նախադրյալներից մեկն այն է, որ ի հեճուկս այս ամենի՝ ապահովվել է մակրոտնտեսական կայունություն: 2024 թվականի 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար մեր ձեռքի տակ առկա գործիքներն, իմ կարծիքով, արդեն բավարար են, եթե կապիտալ ծախսերի իրականացման որակը բարձրացնենք, զբաղվենք բիզնես պրոցեսների լավարկումով և այլն: Առաջարկում եմ կենտրոնանալ մեր ձեռքի տակ եղած գործիքների կիրառման վրա: Կառավարությունն ի՞նչ ունի անելու, ունի ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու խնդիր: Կապիտալ ծախսերի թիվը բյուջեում էականորեն մեծացել է, եթե մի փոքր բարձրանա այդ ծախսերի իրականացման որակը, ներդրումների համար բարելավվեն բիզնես պրոցեսները, այս ամենն ակնհայտորեն էֆեկտ կունենա տնտեսական աճի ապահովման բերումով»,- ասել է վարչապետը: