Քննչական կոմիտեն հրապարակել է ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը

Քննչական կոմիտեն հրապարակել է ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության միջանկյալ արդյունքները։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ պարզվել է, որ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝  զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։

Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք՝ հիմնականում այրվածքների տեսքով։ Քննության այս պահի տվյալներով՝ անհայտ է 21 անձի գտնվելու վայրը։ 

Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել է նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։

Պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը քննությամբ դեռևս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նշված անձանց հարազատները դեռևս չեն դիմել և չեն հանձնել դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նմուշ՝ անհրաժեշտ նույնականացումը կատարելու համար։

Այն անձինք, ովքեր ունեն պայթյունի դեպքի վայրում գտնված և դրանից հետո անհետ կորած հարազատներ և դեռևս չեն դիմել վարույթն իրականացնող մարմնին, ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է դիմել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ պայթյունից զոհված վերոնշյալ 3 մարմինների ինքնությունը պարզելու նպատակով։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: