Կասեցվել է բենզալցակայանների և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը

Կասեցվել է  բենզալցակայանների և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան խաչմերուկ հասցեում գործող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ», Տիգրան Պետրոսյան 𝟏/𝟒 հասցեում գործող «ՖԼԵՇ» բենզալցակայանում, ինչպես նաև Արտաշատի խճուղի 𝟏-ին նրբանցք 𝟔/𝟐 հասցեում գործող «ԽԱՉՀԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող նավթամթերքի պահեստարանում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների և նավթամթերքի պահեստարանի գործունեության կասեցման որոշումներ է կայացրել։