Շիրակի մարզում 2023-ին իրականացվել են շուրջ 20 միլիարդ դրամ գումարի շինարարական աշխատանքներ

Շիրակի մարզում 2023-ին իրականացվել են շուրջ 20 միլիարդ դրամ գումարի շինարարական աշխատանքներ

Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով 2023 թվականին իրականացվել են շուրջ 19 միլիարդ 612 միլիոն դրամ գումարի շինարարական աշխատանքներ։ Այդ գումարի շրջանակներում իրականացվել են չորս բնակելի շենքերի, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների, միջպետական հանրապետական և մարզային տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածների, մասնավոր ներդնողների կողմից անհատական բնակելի և հասարակական շենքերի կառուցման հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ:

2022 թվականի համեմատությամբ ներդրումների ծավալն աճել է շուրջ 4 միլիարդ 412 միլիոն դրամով՝ 22,5 %-ով: Այս մասին մարզային խորհրդի նիստին տեղեկացրեց ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:

Անդրադառնալով ՀՀ Շիրակի մարզում ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքներին, պատասխանատուն տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվել են ութ ճանապարհաշինական ծրագրեր, որից վեցը՝ 49.9 (7,5 կմ ավարտվել է) կմ երկարությամբ շուրջ 5.0 միլիարդ դրամ գումարի շրջանակներում գտնվում են ավարտական փուլում։ Եւս երկու ճանապարհաշինական ծրագրերի՝ 15.9 կմ երկարությամբ շուրջ 2.3 միլիարդ դրամ ավարտը նախատեսվել է 2024 թվականին:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում է վեց ճանապարհաշինական ծրագրեր՝ 7.6 կմ երկարությամբ շուրջ 2.8 միլիարդ դրամ գումարով։ Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Շարունակվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր՝ Տրանշ-3  Լանջիկ Գյումրի 23.0 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կառուցման աշխատանքները։

2023 թվականին սկսվեց նաև «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո» և «Շանսի Հայդրոլիկ Քոնսթրաքշն Ինջինիրինգ Բյուրո» համատեղ ձեռնարկությունը։ Ծրագրի շրջանակում վերաբնակեցվելու է Ջրաձոր գյուղն ամբողջությամբ։

ՀՀ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 115 մլն 926 հազար դրամ գումար մարզի չորս դպրոցների շենքերի նորոգման ու ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներին:

«2024 թվականին մարզի ութ բնակավայրերում՝ Սարատակ, Ամասիա,  Ջրափի, Շիրակավան, Երազգավորս, Մայիսյան, Փոքր Մանթաշ և Սառնաղբյուր կսկսվեն նաև նոր դպրոցական շենքերի կառուցման աշխատանքները։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ութ դպրոցական շենքերի կառուցման համար արդեն հայտարարվել են մրցույթներ, որոնք կայացել են 2023 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին», - նշեց Խաչատուր Խնձրցյանը։

Աղբյուրը՝  armenpress.am