Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  

Մասնավորապես իրականացվել է Սբ Գևորգ եկեղեցուն կցակառուցված գավիթի վրա` 20-րդ դարի սկզբին ավելացված վերնահարկի հեռացմամբ «սահմանապահ» դարձած եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև ամբողջությամբ վերականգնվել է 4-5-րդ դարերով թվագրվող միանավ եկեղեցին, վերականգնվել են 17-րդ դարի գավիթը, հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը:

ԿԳՄՍ նախարարության և Տեղի համայնքապետարանի համագործակցությամբ եկեղեցու վրա խաչ և զանգ տեղադրելու վերաբերյալ պատվիրվել է ճարտարապետական նախագիծ:

Նշենք, որ դեռևս 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվել էր Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման, իսկ 2015 թ. նաև Սբ Գևորգ եկեղեցու տարածքի հենապատերի ամրակայման, կամարակապ մուտքի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը: Դրանք կատարվել են 1984 թ. չափագրական նյութերի և նախագծի հիման վրա:   2015 թ. սկսվել և ընդհատումներով մինչև 2023 թ. ընթացել են եկեղեցու և հենապատերի վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները:

Տեղ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Գյուղի մասին հնագույն պատմական վկայությունը հայտնի է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատություններից: 

Սբ Գևորգ եկեղեցին գտնվում է Տեղ գյուղի կենտրոնում և իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության վաղմիջնադարյան միանավ բազիլիկների շարքում: Եկեղեցու արևելյան և արևմտյան մասերը ծավալատարածական առումով մեկը մյուսի շարունակությունն են կազմում, սակայն դրանք կառուցված են տարբեր ժամանակներում: Կառույցի հիմնական՝ նախաստեղծ ծավալը արտաքուստ խոշորաչափ բաց դեղնավուն սրբատաշ կրաքարով կառուցված եկեղեցին է, որը միանավ թաղակապ սրահ է: Ի հակադրություն բուն եկեղեցուն՝ դրան կցակառուցված արևմտյան ծավալը բազալտե անկանոն քարերով է կառուցված: Կցակառույցի երկրորդ հարկը, չնայած առաջինի հետ ծավալատարածական  ամբողջականությանն ու միատեսակ շարվածքին, ավելացվել է 20-րդ դարի սկզբին, երբ եկեղեցին առնվել է ընդհանուր թիթեղածածկի տակ: