ՏԿԵ նախարարը մանրամասներ է ներկայացրել «Հյուսիս-hարավ» ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքից

ՏԿԵ նախարարը մանրամասներ է ներկայացրել «Հյուսիս-hարավ» ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքից

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ 2023 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրում  երկու մասով թերակատարումներ են եղել:

Գնել Սանոսյանն այս մասին ասել է  դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հյուսիս-հարավ ծրագրում երկու մասով թերակատարումներ ունեցանք: Որոշ դեպքերում մենք նախանշում ենք, որպեսզի հողերի օտարման գործընթացում իրականացնենք վճարումներ, բյուջեում այդ գումարները դնում ենք: Հետագայում, երբ հողերի օտարման գործընթաց է տեղի ունենում, ունենում ենք դատական վեճեր, որն էլ բերում է  նրան, որ գործընթացը երկարում է, և չենք կարողանում տվյալ ժամանակահատվածում վճարել: Մյուսն այն է, որ մենք որոշակի գումար էինք նախանշել Սիսիան-Քաջարան հատվածի համար, թեև մրցութային գործընթաց ենք իրականացրել, բայց մի շարք հարցերի շուրջ կան բանավեճեր կամ տարբեր մտքեր, շարունակում ենք քննարկել գործընկերների հետ: Քանի որ այդ գործընթացն առաջ չգնաց, մենք չունեցանք շինարար և չվճարեցինք»,-ասաց Սանոսյանը:

Նա ընդգծեց, որ 2018-ից հետո փաստացի կարողացել են ասֆալտբետոնե ծածկույթ ապահովել սկզբում Թալին-Լանջիկ հատվածում, հետո՝ Լանջիկ-Գյումրի հատվածում:

«Դա միակ հատվածն էր, որ մենք շինարարություն ունեինք: Աշտարակից Թալին հատվածը մնացել էր անավարտ, դատական երկար քաշքշուկներ կային, և ժամանակավոր ճանապարհն արդեն երկար տարիներ դարձել է հիմնական ճանապարհ՝ իր խնդիրներով: Ի ուրախություն բոլորիս՝ այս տարի կարողացանք այդ երկու հատվածներում շինարարական աշխատանքները սկսել»,-ասաց Սանոսյանը:

Հյուսիս-հարավի մասով մյուս ուրախալի նորությունն այն է, որ ճանապարհի հարավային հատվածում վերջապես գործընթաց են սկսել․ մրցույթի արդյունքում Քաջարանից Ագարակ տանող 32 կմ հատվածի շինարարության համար կա հաղթող ընկերություն:

Նախարարն ընդգծեց, որ Սիսիան-Քաջարան հատվածը բավական բարդ պրոյեկտ է, քանի որ այնտեղ կա 12 թունել, 27 կամուրջ։