Գալիք տարեսկզբին Երևան կներկրվի ևս 30 նոր ավտոբուս․ քաղաքապետ

Գալիք տարեսկզբին Երևան կներկրվի ևս 30 նոր ավտոբուս․ քաղաքապետ

Չինական կողմի հետ բանակցությունների արդյունքում, առանց լրացուցիչ հավելավճարի, 2024 թվականի հունվարի վերջին Երևան կներկրվի ևս 30  միջին ուղևորատարողությամբ «ZHONGTONG» մակնիշի ավտոբուսներ։

Այս մասին դեկտեմբերի 28-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համալիր բարելավումը վճռականորեն կշարունակվի նաև 2024 թվականին։

«Անցնող տարում կազմակերպվել և Երևան են ներկրվել 87 «MAN» մակնիշի մեծ ուղևորատարողություն ունեցող ավտոբուսներ, որոնք գործում են 8 երթուղով։ Սկսվել են շահագործվել մայրաքաղաք ներկրված 150 նոր՝ «ZHONGTONG» մակնիշի միջին ուղևորատարողություն ունեցող ավտոբուսները, որոնցով սպասարկվում է 31 երթուղի։ Ընդհանուր առմամբ այս ավտոբուսների գործարկմամբ ամբողջությամբ հանվել են հին «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները»,-հավելեց Ավինյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ հնարավորություն է ստեղծվել առցանց քարտեզով հետևել հասարակական տրանսպորտի տեղաշարժին։

Ըստ քաղաքապետի՝ Երևանի հասարակական տրանսպորտի համալիր բարելավման շրջանակներում նախատեսված է ներդնել միասնական տոմսային համակարգ, որը պետք է բավարարի նախատեսվող նոր ինտեգրված երթուղային ցանցի սպասարկման պահանջներին և ապահովվի տարատեսակ տոմսային կրիչներ, տոմսային պրոդուկտներ։

Մասնավոր հատվածի և համայնքի համագործակցությամբ ծրագիրն արդեն իրականացվում է, որի շրջանակում անկանխիկ վճարման համար 662 ավտոբուսներում տեղադրվել են համապատասխան սարքեր՝ վալիդատորներ, իսկ  մետրոյի 10 կայարանում՝ անցարգելներ։ Բացի այդ՝ վալիդատորների տեղադրումն ընթացքում է նաև տրոլեյբուսներում։  QR-կոդ-տոմսերի վաճառքն ապահովված է թղթային տարբերակով՝ Երևանում գործող շուրջ 2100   «Թել-Սել» վճարային տերմինալներից, իսկ  էլեկտրոնային տեսքով՝ համապատասխան բջջային հավելվածի միջոցով։

Քաղաքապետի հավաստմամբ՝ առաջիկա ամիսներին մետրոպոլիտենը կունենա  նոր, ժամանակակից անցարգելներ, կգործարկվեն նոր տոմսային պրոդուկտներ և նախատեսված մյուս տոմսային կրիչները։ Ըստ այդմ՝ կներդրվեն օրական, շաբաթական, ամսական, տարեկան ժամկետներով տոմսեր։

Աղբյուրը՝    armenpress.am