Հայաստանի առևտրային ամենախոշոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը․ Քերոբյան

Հայաստանի առևտրային ամենախոշոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, թեպետ ՌԴ մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ փոքր-ինչ նվազել է։ Այսօր հրավիրված 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, որն առաջին անգամ է այս ցուցակում, ինչը ևս հետաքրքիր է»,- ասաց նախարարը։
Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքներն առավել դիվերսիֆիկացված արտաքին առևտրաշրջանառություն ունենալու ուղղությամբ։
Հավելենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2023 թ. 10 ամսում ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 15 մլրդ 500 մլն դոլար կամ 141.2 տոկոս 2022–ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Հաշվետու ժամանակահատվածում արտաքին և փոխադարձ առևտրի կառուցվածքն ըստ երկրների հետևյալ պատկերն ունի` արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ կազմել է 53.3 տոկոս, դեպի ԵՄ` 11.1 տոկոս, այլ երկրներ` 35.6 տոկոս։
Աղբյուրը՝ armeniasputnik.am