Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ամփոփել է 2023 թվականի աշխատանքային տարին
Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Ամփոփելով 2023 թվականի աշխատանքային տարին` մարզպետը նշեց, որ թեև այն լի է եղել դժվարություններով, սակայն մարզպետի աշխատակազմը կարողացել է հաղթահարել իր առջև դրված խնդիրները։
«Միասնական ջանքերի շնորհիվ նախորդ տարի կարողացանք սահմանված ժամկետներում լուծում տալ մեր առջև ծառացած շատ ու շատ խնդիրների։
Կարողացանք սեղմ ժամկետներում մարզում ապաստան տալ տեղահանված արցախցիներին, լուծել նրանց կեցության խնդիրը, հոգալ առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության, մասամբ` աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այլ դժվարությունները կարգավորելու հարցերը։
2023 թվականին մենք ունեցանք մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գոհացուցիչ արդյունք, այն հասցնելով 110,7 տոկոսի, գրանցեցինք մարզում սուբվենցիոն ծրագրերի կատարման բարձր ցուցանիշ, ապահովելով 95, 7 տոկոս արդյունք։ Մարզում մեծածավալ աշխատանքներ իրականացրինք կապիտալ շինարարության ոլորտում, պետական աջակցությամբ բարելավեցինք առողջապահական և կրթական հաստատությունների շենքային պայմանները:
Դրական տեղաշարժեր արձանագրեցինք նաև գյուղատնտեսության, հողաշինության, բնապահպանության և այլ ոլորտներում։ Սակայն այս ձեռքբերումները դեռևս բավարար չի կարելի համարել, քանզի մենք շատ նպատակներ և անելիքներ ունենք և պետք է նոր ջանքեր գործադրենք՝ դրանց շարունակականությունն ապահովելու և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու գործում»,- նշեց Կարեն Սարգսյանը։
Խոսելով առաջիկա անելիքների մասին` մարզպետ Կարեն Սարգսյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք առնչվում էին անավարտ սուբվենցիոն ծրագրերի տեղափոխմանը, նոր հայտերի հավաքագրմանը, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից սուբվենցիոն նոր ծրագրերի հաստատմանը, նախատեսվող կրթահամալիրների, դպրոցների, մարզադահլիճների, մանկապարտեզների կառուցմանն ու վերակառուցմանը, կենտրոնացված ջեռուցում չունեցող կրթական հաստատություններում կենտրոնացվածի անցմանը, ենթակառուցվածքների բարելավմանը:
Մարզպետը նշեց նաև, որ 2024 թվականին առողջապահության առաջնային օղակում կիրականացվի միավորման գործընթաց, որին կհաջորդեն գույքով հագեցման և անհրաժեշտ սարքավորումներով վերազինման աշխատանքները:
Կարեն Սարգսյանը հանձնարարեց նաև՝ առաջիկայում կազմակերպել հանդիպումներ մարզային ենթակայության կրթական և առողջապահական հիմնարկների տնօրենների հետ, լսել վերջիններիս հաշվետվությունները նախորդ տարվա կատարած աշխատանքների մասին։