ՀՀ–Իրան արտահանման հետ կապված ոչ բոլոր հարցերն են լուծվել, ճեղքում ենք ակնկալում․ Քերոբյան

ՀՀ–Իրան արտահանման հետ կապված ոչ բոլոր հարցերն են լուծվել, ճեղքում ենք ակնկալում․ Քերոբյան
ԵԱՏՄ-Իրան նախկին առևտրային համաձայնագիրը (գործում էր 2019 թվականի հոկտեմբերից) մի շարք չլուծված հարցեր է թողել հայկական արտահանման համար։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով 2023 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ղեկավարների ստորագրված նոր լիաֆորմատ համաձայնագիրը։
Ըստ հին համաձայնագրի՝ կողմերը միմյանց համար նվազեցրել են մաքսատուրքերը մի շարք ապրանքների համար։ Դրանց ցանկում, Հայաստանի առաջարկությամբ, ներառվել են հանքային ջուրը, շոկոլադը, ոսկերչական իրերը և մի շարք այլ ապրանքներ, սակայն ո՛չ այդ ապրանքների հարցում, ո՛չ էլ առհասարակ չի հաջողվել դեպի Իրան արտահանման շոշափելի աճի հասնել։
Նախարարը նշեց, որ 2019 թվականի հոկտեմբերից Հայաստանի իշխանությունները փորձում են օգնել արտահանողներին, որպեսզի համաձայնագիրը գործնականում կիրառվի, սակայն դժվարությունների են բախվել։ Այնուամենայնիվ, գործընթացն ընթանում է, և, ըստ Քերոբյանի, լավ հնարավորություններ կան, որպեսզի ԵԱՏՄ-Իրան նոր, լիաֆորմատ համաձայնագրով Հայաստանը բեկումնային աճ ունենա արտահանման ոլորտում։
«2024 թվականին կայցելեմ Իրան, որտեղ քննարկումներ կանցկացվեն, թե ինչպես կարելի է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք բեկման հասնել Իրան հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման առումով»,– ասաց Քերոբյանը։
Նշենք, որ Իրան-Հայաստան առևտրի ծավալներն այս տարիների ընթացքում աճել են, բայց հիմնականում հօգուտ Իրանի: 2020 թվականին (ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի գործողության առաջին տարին) Հայաստանից արտահանումը կազմել է 85 մլն դոլար, Իրանից ներմուծումը՝ 316 մլն դոլար: 2022 թվականի արդյունքներով Հայաստանից արտահանումն աճել է մինչև մոտ 110 մլն դոլար, իսկ Իրանից ներմուծումը հասել է մոտ 600 մլն դոլարի, ընդ որում` Հայաստանից արտահանումը հիմնականում բաժին է ընկնում էլեկտրականությանը (մատակարարվում է իրանական գազի մատակարարման դիմաց, որով աշխատում է հայկական ջերմաէլեկտրակայանների մի մասը):
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am