Հայաստանը ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հարցով ստացել է 411 հետընդունման հայց

Հայաստանը ԵՄ երկրներում առանց թույլտվության բնակվող անձանց հարցով ստացել է 411 հետընդունման հայց

Հայաստանը Եվրամիության երկրներից նախորդ տարի ստացել է 411 հետընդունման (ռեադմիսիայի) հայցեր՝ դրական պատասխանի արժանացնելով դրանց ավելի քան 92 տոկոսը:

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի ներկայացման շրջանակում:

Ըստ Սարգսյանի՝ վիճակագրական առումով Հայաստանը բավականին լավ իրավիճակ ունի, ինչը վստահություն է տալիս ԵՄ գործընկերներին՝ շարունակելու ռեադմիսիոն գործընթացի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը:

«2023-ի հունվարից մինչև դեկտեմբեր ԵՄ երկրների շրջանակում մենք ստացել ենք 411 հայտ, մեր կողմից դրական պատասխանի է արժանացել 92.99 տոկոսը: Սա չի ենթադրում, թե Հայաստանը հրաժարվում է հետ ընդունել այն քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ տարբեր երկրներում: Շատ ու շատ դեպքերում կարող են լինել դեռևս չճշտված հանգամանքներում բնակվող անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն: Իսկ նրանք, որոնք հետընդունման ենթակա չեն, հետևաբար հայտնի շրջանակում դրական պատասխանի չեն արժանացել»,-ասաց փոխնախարարը:

Ըստ նրա՝ հայցեր ստացվում են հիմնականում Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Ռումինիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից և Նորվեգիայից:

Անդրադառնալով արձանագրությունը վավերացնելու մասին ներկայացված նախագծին՝ Սարգսյանը նշեց, որ մինչև այս պահը ուժի մեջ են 7 երկրների հետ արձանագրությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:

«Պրակտիկան հիմնականում ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը շատ լավ խթան են հանդիսանում՝ Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելու համար: Սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում»,-ասաց փոխնախարարը: