Կենսաթոշակի չափը 2024 թվականին չի ավելանա

Կենսաթոշակի չափը 2024 թվականին չի ավելանա

Կենսաթոշակի չափը  2024 թվականին չի ավելանա,  փոփոխություն նախատեսված է 2025 թվականին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«2024 թվականին մենք կենսաթոշակը չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք»,-նշեց նախարարը։

Մկրտչյանը նշեց, որ 10 տոկոսով քեշբեքի ծրագրի իրականացման արդյունքում անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը կազմել է  62 մլրդ դրամ։ «Տրամադրված քեշբեքի չափը կազմում է 5,2 մլրդ դրամ»,-ընդգծել է նա։

Նախարարի խոսքով՝ 515 հազար մարդ թոշակ կամ նպաստ է ստանում անկանխիկ եղանակով։ «Առաջիկայում մենք կնախաձեռնենք օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա թոշակի տարիքի հասած մարդկանց հետաձգել թոշակների վճարման սկիզբը, որպեսզի հետագայում դրանք ստանան էլ ավելի մեծ չափով»,-նշեց նախարարը: