Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային ոլորտին վերաբերող բազմակողմ համաձայնագիրը

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային ոլորտին վերաբերող բազմակողմ համաձայնագիրը

««Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը» ստորագրվել է 2016 թվականի հունվարի 27-ին: Այն բխում է ՊԵԿ-ի ռազմավարությունից եւ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը` ներկայացնելով վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող օրինագիծը:

Աշոտ Մուրադյանի խոսքով մեր երկրում ներդրված տրանսֆերային գնագոյացման մեխանիզմով նախատեսվում է փաստաթղթավորման եռաստիճան համակարգ: Վերջինիս պահանջներից է երկրների միջեւ հաշվետվության փոխանակման չափանիշի ներդնումը Հայաստանում:

«Եթե կան բազմազգ կազմակերպություններ, ընկերություններ, եւ վերջիններիս տարեկան համախառն եկամուտը կազմում է ավելի քան 750 մլն եվրո, ապա այդ ընկերություններն իրենց գրանցման ռեզիդենտության երկրի հարկային լիազոր մարմնին ներկայացնում են սահմանված ձեւաչափով հաշվետվություն: Այն լիազոր մարմինն ուղարկում է այն երկրների լիազոր մարմիններին, որտեղ այդ բազմազգ կազմակերպությունն ունի ներկայացուցչություններ»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ այս առումով Հայաստանը լինելու է ոչ թե տրամադրող, այլ ստացող երկիր:

«Մենք ակնկալում ենք ստանալ նման տեղեկատվություն, որը կօգնի տրանսֆերային գնագոյացման միջոցառումների իրականացմանը»,- նշել է Աշոտ Մուրադյանը: Նա հավելել է, որ տեղեկատվությունը փոխանակվելու է էլեկտրոնային եղանակով եւ կիրառվելու է հարկային վարչարարության իրականացման նպատակով:

Հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: